Archive for May, 2017

Ֆենոմեններին էլ են «հրում» դեպի «Պառնաս»

May 19th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ իր հերթին է շնորհալիների առաջ «կանաչ լույս» վառել Միջազգային մամուլի բնորոշմամբ «Ռուսական դաշնամուրային դպրոցի նորագույն ֆենոմեն», 15-ամյա դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեեւը (լուսանկարում) «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 19-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) ընկերակցությամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Պրոկոֆեւի 3-րդ կոնցերտի մեկնաբանմամբ:

Օրեր առաջ առաջին անգամ Երեւանում հանդես եկող դաշնակահարի հայտագիրը իրարանցում է առաջացրել երաժիշտների եւ երաժշտասերների շրջանում: «Առավոտի» հետ զրույցում ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանն ասաց, որ երիտասարդ արվեստագետի հետ առաջին անգամ ծանոթացել է եւ բեմ բարձրացել շուրջ 10 օր առաջ՝ Իտալիայում կայացած հեղինակավոր «International Piano Festival of Brescia and Bergamo»-ում եւ չնայած երիտասարդի հագեցած համերգային գրաֆիկին, իրեն հաջողվել է իրականացնել նրա հրավերը Հայաստան:

«Գործունեությանս ընթացքում շատ եմ հանդիպել ու համագործակցել տաղանդավոր, շնորհալի պատանի երաժիշտների հետ, բայց ռուս դաշնակահարը իսկապես բացառիկ երեւույթ է: Ծանոթ եմ նրա ստեղծագործական գործունեությանը, բայց երկար ժամանակ կպահանջվի նշելու նրա մասնակցությունը շուրջ 15 միջազգային մրցույթներին, ելույթները աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ու փառատոներում՝ հայտնի նվագախմբերի հետ: Միայն ասեմ, որ երիտասարդը համագործակցել է Գերգիեւի, Սպիվակովի, Պարրայի, Լիսսի, Կոչանովսկու, Յամադայի, Տակաչ-Նագիի եւ այլ հանրահայտ դիրիժորների հետ: 2016թ. Master Performers ընկերությունը թողարկել է Մալոֆեեւի առաջին DVD ձայնագրությունը՝ կատարված Ավստրալիայի Griffith University Queensland Conservatorium-ում»,- տեղեկացրեց Էդուարդ Թոփչյանը:

Մեր հանդիսատեսը բազմիցս ունկնդրել է տաղանդավոր պատանի երաժիշտների, այդ թվում՝ Սպիվակովի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կրթաթոշակառուներին կամ՝ «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների մրցույթի մասնակիցներին, սակայն ռուս պատանի դաշնակահարի անվան շուրջ լեգենդներ են հյուսվում: Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ թեեւ արվեստում համեմատություններ եւ զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ, այնուամենայնիվ, իր կարծիքով, ո՞ր երաժշտի հետ կհամեմատեր Ալեքսանդր Մալոֆեեւին: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «Միայն Եվգենի Կիսինի հետ»: Ֆենոմենը՝ ֆենոմեն, տաղանդը՝ տաղանդ, բայց արդեն շշուկներ են պտտվում, որ Մալոֆեեւի ստեղծագործական «կնքահայրերը» Սպիվակովն ու Գերգիեւն են: Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինքը ունի՞ այդպիսի «սանիկ»: «Առաջին քայլերը նվագախմբիս հետ են սկսել վաղուց արդեն հեղինակավոր թատրոնների ու նվագախմբերի ցանկալի հյուրեր, օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցը, Հասմիկ Թորոսյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը եւ ուրիշներ»,- հավաստիացրեց դիրիժորը:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

«Եվրոպան հանուն խաղաղության». կայացավ Եվրոպայի օրվան նվիրված համերգը

May 7th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրին Եվրոպայի օրվան նվիրված համերգ:

Համերգին ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլ պաշտոնյաներ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով եւ շնորհավորեց Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ տոնական համերգի կազմակերպման համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը:

«Անկախությունից ի վեր Հայաստանը ԵՄ-ի հետ կառուցել է կուռ հարաբերություններ, որոնց հիմքում ընկած են արդյունավետ համագործակցությունը եւ փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ: Եվրամիության աջակցությամբ մենք բարեփոխումներ ենք իրականացրել բազմաթիվ ոլորտներում՝ հանրային կառավարում, արդարադատություն, ընտրական համակարգ եւ մի շարք այլ ոլորտներում, որոնք միտված են հարաբերությունների ամրապնդմանն ու մեր հասարակության բարօրությանը: Շատ համատեղ ծրագրեր իրականացման փուլում են, բազմաթիվ նախագծեր դեռ իրագործվելու են: Հատկանշական է, որ այս տարի սկսվեց եվրոպական հագեցած օրակարգը: Փետրվարին Բրյուսելում ՀՀ նախագահը եւ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեցին Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, իսկ արդեն մարտին այն Երեւանում նախաստորագրվեց: Այդ համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության գոյությունն ու էությունը արտացոլող փաստաթուղթ է: Առաջիկա օրերին կհաստատվեն նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ 2017 եւ 2020 թվականների գործընկերության առաջնահերթությունները, որոնք համագործակցության նոր ուղենիշ են սահմանելու: Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակով Եվրոպան դարձավ համամարդկային արժեքների վրա խարսխված խաղաղության, համերաշխության եւ կայուն զարգացման չափանիշ, որն այսօր էլ շատերի համար շարունակում է օրինակ ծառայել: Եվրոպայի օրը հենց այս բարձր արժեքային համակարգն է խոհրդանշում, որին մենք հարգանքի յուրօրինակ տուրք ենք մատուցում՝ տոնելով այս օրը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւս հանդես եկավ ողջույնի խոսքով. «Սիրելի՛ հայեր, Հայաստանի սիրելի ընկերներ, շնորհակալ ենք Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությանը մեզ միանալու համար: Եվրոպայի օրը խաղաղության, անկախության, համերաշխության եւ ազատության մասին է: Այն միասնական տոն է: ԵՄ-ն կշարունակի իր գործունեությունը Հայաստանում եւ կաշխատի՝ ի շահ հայ ժողովրդի: Շնորհակալ ենք այս հրաշալի համերգը կազմակերպելու համար»:

Նշենք, որ համերգից առաջ դեսպանն առանձնազրույց է ունեցել լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Դեսպանը մասնավորապես նշեց, որ Եվրոպայի դեմքն այսօր ասոցացվում է շատ լավ զգացողությունների հետ, մասնավորապես՝ համերաշխության, բարգավաճման, խաղաղության եւ այլ դրական արժեքների: Եվրոպայում քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական լավ պայմաններից եւ բարձր կենսաթոշակներից: Սակայն ամենակարեւոր արժեքը, որի հետ ասոցացվում է ԵՄ-ն, խաղաղությունն է, ուստի կարելի է ասել, որ եվրոպական երկրներն այսօր դադարել են պատերազմներ մղել միմյանց դեմ, իսկ դա ի շնորհիվ ԵՄ-ի է:

«Հայաստանի համար ուժեղ եւ գործող ԵՄ-ն առավելություն է: 2017 թվականը իրադարձություններով լի տարի է ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության համար»,- փաստեց դեսպանը:

Նշենք, որ համերգի ընթացքում հնչեցին Կարլ Մարիա Վեբերի, Պոլ Դյուկայի, Դվորժակի, Վոյցեխ Կիլարի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի ստեղծագործություններից:

Համերգին զուգահեռ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում բացվեց «Եվրոպան հանուն խաղաղության» խորագիրը կրող ցուցահանդեսը: ՀՀ տարբեր մարզերի դպրոցների աշակերտները ստեղծել էին գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ մայրաքաղաքներ, բնապատկերներ եւ առհասարակ այն, ինչը, ըստ նրանց, ասոցացվում է Եվրոպայի եւ խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ  նվագախմբի ներկայացուցիչներից եւ Հայաստանի արվեստի փորձագետներից կազմված ոչ պաշտոնական ժյուրին ընտրել է Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված գեղանկարներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում գեղանկարները հանդիսատեսին ներկայացվեցին էկրանի վրա: Ցուցահանդեսը բաց կլինի եւս 3 օր:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Նարեկ և Գայանե Հախնազարյանները հանդես կգան բարեգործական համերգով

May 1st, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և դաշնակահար Գայանե Հախնազարյանի մենահամերգը։ Համերգի հասույթը կփոխանցվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին։

Համերգին ներկայացվելու է համաշխարհային պրեմիերա՝ Հայրապետյանի «Մենախոսություն» ստեղծագործությունը: Բարեգործական համերգի ծրագրում ներառված են նաև Բեթհովենի  «7 վարիացիաներ Մոցարտի թեմայով», Շումանի ֆանտաստիկական պիեսներ, Բաղդասարյանի  «Նոկտյուրն», Շոպենի «Նախանվագ և փայլուն պոլոնեզ», Մասնեի «Մտորում»,
Շոստակովիչի «Թավջութակի սոնատ» ստեղծագործությունները:

Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. հայազգի բարերար Ռազմիկ Թադևոսյանի կողմից: Այն իր ծառայություններն է տրամադրում ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ կենտրոնի հարակից 16 գյուղերից և քաղաքներից (մասնավորվերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:ապես Արթիկից, Էջմիածնից, Թալինից, Աշտարակից և Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր իրենց առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ և փորձառու մասնագետներ, ովքեր ջանք չեն խնայում երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer