Archive for January, 2017

Ուզում եմ, որ մարդիկ ավելի ու ավելի ուղղվեն դեպի արվեստը. Էդուարդ Թոփչյան

Sona KhachatryanJanuary 10th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

2016-ը ոչ միայն Ֆիլհարմոնիկի, այլև մեր ողջ երկրի համար իրադարձություններով հագեցած տարի էր,-Culture.AM-ի հետ զրույցում նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը,-չեմ կարող առաջինը չանդրադառնալ ապրիլյան դեպքերին, որոնք ցնցեցին մեզ բոլորիս. ապրիլի 9-ին Կասկադում բացօթյա մեծ համերգ ու դրամահավաք կազմակերպեցինք՝ փորձելով մեր ուժերի ներածին չափով օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին:

Երկրի Ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը տարվա իրադարձություններից առանձնացնում է հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելությունը Հայաստան,որի ժամանակ իր ղեկավարությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էկումենիկ արարողություն՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որը 10-րդ անգամն էր անցկացվում ու նվիրված էր ՀՀ Անկախության 25-ամյակին:

-Թերևս ամենակարևոր իրադարձությունը ֆիլհարմոնիկցիներիս համար մեր նվագախմբի 90-ամյակին նվիրված մեծ համերգն էր: Մեզ հետ էին աշխարհի ամենամեծ հայ երաժիշտներից վեցը՝ Հասմիկ Պապյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բարսեղ Թումանյանը, Նարեկ Հախնազարյանը, Վահագն Պապյանը և Ալեքսանդր Չաուշյանը նաև բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր:

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ նվագախմբի դիրիժորը փաստում է՝ դրանք մշտապես կապված են նվագախմբի ավելի ու ավելի բարձր կատարողական որակի հասնելու հետ.

-Այդ առումով կարող եմ փաստել, որ այս տարի էլ իմ ակնկալիքներն արդարացան:  Ձեռքբերումներից ուզում եմ նշել նվագախմբի  մասնակցությունը «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի բեմում:ՈՒր մեկնել էինք անձամբ մաեստրո Վալերի Գերգիևի հրավերով:  Մեզ համար շատ կարևոր էին երկու օպերաների՝ Պուչինիի «Բոհեմ»-ի և Վերդիի «Ռիգոլետո»-ի թատերականացված համերգային կատարումները:

Մաեստրոն նշում է՝ նվագախմբի առանցքային ուղղություններն առաջ են եկել տասնյակ տարիներ առաջ (նվագախմբի ստեղծման օրից) և տարեցտարի պարզապես ավելի մշակվել ու ավելի նպատակային են դարձել:

-Այսինքն՝ մենք շարունակելու ենք մեր համերգները նույն հաճախականությամբ՝ փորձելով բարձրացնել ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունն ու ճաշակը: Սա է ընկած մեր գործունեության առանցքում, սա է մեր գերնպատակը, մեր առաքելությունը: Իսկ 2017-ի հետ կապված՝ շատ նպատակներ ու սպասումներ ունենք.մի քանի հյուրախաղային ուղղություններ  դեպի Իսպանիա, Գերմանիա, Իտալիա և Չինաստան:

Խոսելով Ամանորի մասին՝ Է.Թոփչյանն անկեղծանում է՝ շատ է սիրում այս տոնը. «այն շատ լուսավոր ու դրական է: Տոնի խորհուրդը հենց այդ լուսավորության և նորի՝ ավելի լավի սպասումի մեջ եմ տեսնում»:

Մաեստրոն իր տոնական բարեմաղթանքում առաջինն առանձնացնում է խաղաղությունը.

-Ուզում եմ, որ խաղաղություն տիրի մեր երկրում՝ իր բոլոր իմաստներով ու դրսևորումներով, որ առաջին հերթին մարդկանց հոգիները լցվեն խաղաղությամբ ու բարությամբ: Ուզում եմ, որ մարդիկ ավելի ու ավելի ուղղվեն դեպի արվեստը, մասնավորապես դեպի դասական երաժշտությունը: Մենք էլ մեր գործով փորձում ենք նպաստել դրան:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer