Archive for September, 2016

Երևանյան փառատոնի անունը ճանաչելի է ամբողջ աշխարհում

September 13th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կմենարկի տարվա գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը: Սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայաստանցի երաժշստասերներին կներկայացնի դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները ժամանակի ամենահայտնի կատարողների մասնակցությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշեց, որ 10-րդ հոբելյանական փառատոնի առանձնահատկությունը հանրահայտ դիրիժորների ներկայությունն է. «Այս տարի մեզ հաջողվել է հրավիրել միանգամից մի քանի դիրիժորների: Նման բան նախկինում չէր հաջողվում անել: Երևան կժամանի Վասիլի Սինայսկին, որը ամենահանրահայտ դիրիժորներից մեկն է: Հաջորդ համերգը կղեկավարի Կիրիլ Կարաբից, որը թեև երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, սակայն արդեն մեծ ձեռբերումներ ունի»,- ասաց դիրիժորը: Նա հավելեց, որ ՀԱՖՆ-ը կղեկավարի նաև Դմիտրի Յուրովսկին, որը դիրիժորների հայտնի գերդաստանից է: Փորձառու երաժիշտները ոչ միայն հանդես կգան համերգներով, այլև կանցկացնեն վարպետության դասեր պատանի հայ երաժիշտների համար:

Հատկանշական է՝սեպտեմբերի 20-ին կայանալիք համերգի ժամանակ, որը նվիրված է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին, ելույթ կունենան ժամանակի ամենահայտնի հայ երաժիշտները՝ Սերգեյ Խաչատրյանը և Նարեկ Հախնազարյանը: Փառատոնի շրջանակներում ՀԱՖՆ-ը՝ Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնությամբ, կմեկնի Ստեփանակերտ, որտեղ ելույթ կունենա Երիտասարդության պալատում: Թավջութակահարը, ինչպես նաև դաշնակահար Նարե Արղամանյանը վարպետության դասեր կանցկացնեն արցախցի երաժիշտների համար:

Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այս տասնամյակի ընթացքում փառատոնը մեծ ձեռքբերումներ է ունեցել. «Երևանյան փառատոնի անունը ճանաչելի է ամբողջ աշխարհում: Նվագախումբը, անընդհատ շփվելով բարձրակարգ երաժիշտների հետ, անդադար աշխատելով, դարձել է շատ լավ նվագախումբ. սա ամենամեծ ձեռքբերումն է: Սակայն մենք այս արդյունքի վրա չենք կանգնում»,-ասաց մաեստրոն: Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենա նաև հայ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգներ՝ Լևոն Չաուշյանի 70-ամյակը և Առնո Բաբաջանյանի 95-ամյակը: «Նվագախումբը գտնվում է արտակարգ վիճակում: Կարծում եմ՝ այս երեկո ՝ բացման համերգի ժամանակ երաժշտասերները կհամոզվեն դրանում»,- եզրափակեց Էդուարդ Թոփչյանը:

Աղբյուրը

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer