Archive for April, 2016

«Զենք բռնել չգիտեմ, բայց որ պետք լինի՝ կսովորեմ». Էդուարդ Թոփչյան

April 12th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Կասկադում, մեկնարկեց «Զինվորիս հետ» խորագիրը կրող բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթը կուղղվի պատերազմում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին: Համերգ-դրամահավաքը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ: Համերգին մասնակցում է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Սա մեր՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ներդրումն է, որն այս անգամ որոշեցինք մեծամասշտաբ համաքաղաքային ակցիայի ձևով անցկացնել: Կնվագենք այն հանդիսատեսի համար, ովքեր կգան միանալու մեր համերգ-դրամահավաքին: Այստեղ երկու կողմերից հանգանակության արկղեր են դրված, ու պիտի խնդրենք, որ մեր համաքաղաքացիները միանան դրամահավաքին: Թեև ես հասկանում եմ, որ սա մեծ օգնություն չէ ստեղծված իրավիճակում, բայց մենք շարունակելու ենք մեր ուժերի չափով, գոնե մեր հոգու հանգստության համար ամեն կերպ մասնակից ու նեցուկ դառնալ սահմանին կանգնած մեր զինվորներին»,- համերգի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Թոփչյանը:

Ստացված հասույթը, ինչպես նշեց մաեստրո Թոփչյանը, կտրամադրվի այս օրերին սահմանում զոհված ազատամարտիկների ընտանիքներին. «Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ բանակի՞ն ուղարկել հավաքված հասույթը, թե՞ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, բայց այսօր բարձրաստիճան ատյանների հետ ունեցած խորհրդակցություններից հետո որոշվեց, որ հանգանակված ողջ գումարները կտրամադրվեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ինչը մենք սիրով կանենք»:

Կշարունակվի՞ հարաբերական զինադադարը, թե՞ կվերաճի նոր պատերազմի, Էդուարդ Թոփչյանը դժվարանում է պատասխանել. «Ես ինձ շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում սահմանի բերանին կռիվ տվող տղաներին ինչ-որ բանով օգնել: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչի՞ եմ ես հիմա այստեղ: Զենք բռնել էլ չգիտեմ, բայց որ պետք լինի՝ կսովորեմ: Ես երազում եմ, որ էլ ոչ մի հայ մարդ չզոհվի, և դա հիմա կոնկրետ ինձ համար ամենակարևոր առաջնահերթություններից է»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Ֆիլհարմոնիկը՝ Արցախի համար

April 8th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ֆիլհարմոնիկը՝ Արցախի համար «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) ապրիլի 9-ին Կասկադ համալիրում նախաձեռնում է բացօթյա համերգ եւ դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով՝ հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորների, հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի, հանուն Մենք-ի»,- «Առավոտին» տեղեկացրեց նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը: Հավելեց նաեւ, թե շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը, երգիչ-երգահան Վահան Արծրունին եւ Արա Գեւորգյանի ժողովրդական գործիքների խումբը: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, հայրենասիրական երգեր եւ Արա Գեւորգյանի հայտնի մշակումները: Ոգեշնչող խոսքով էլ հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ: Այս գաղափարը ողջունել են Երեւանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը:

Հետաքրքրությանը, թե այս օրերին Արցախ մեկնած որոշ արվեստագետների եւ շոու-բիզնեսի արտիստների օրինակով հնարավոր չէ՞ր քանիցս Արցախում համերգներ ունեցած ֆիլհարմոնիկն էլ մեկներ եւ տեղում «դասական» ոգեւորություն փոխանցեր, տիկին Սիրունյանը հավաստիացրեց. «Պատերազմական գործողությունների սկսվելուն պես այդ ցանկությունը կար թե նվագախմբի երաժիշտների եւ թե գեղարվեստական ղեկավարի մոտ: Իսկապես ուզում էինք մեր արվեստով կանգնել զինվորի կողքին ու ոգեւորել մեր զավակներին: Սակայն դա կիրականացնենք ավելի ուշ: Մենք մեր զինվորի կողքին ենք գիշեր ու ցերեկ: Յուրաքանչյուր լուր լսելիս էլ խառնվում են արցունքներն ու հպարտության զգացումը… Կասկած անգամ չունեմ, որ մեզ ու աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին ձգում է Արցախը: Հասկանալի պատճառով՝ բոլորս չենք կարող մեկնել… Եվ այս պահին ֆիլհարմոնիկի տեղն այստեղ է»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

«Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել CD» – Հասմիկ Պապյան

April 2nd, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Նման գնահատանքի արժանացրեց Պուչինիի հանրահայտ ստեղծագործության երեւանյան կատարումը օպերային դիվա Հասմիկ Պապյանը Շուրջ 15 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ)՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ներկայանում է նաեւ համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների (շուրջ 15) համերգային եւ թատերականացված կատարումներով:

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀԱՖՆ-ն հանդես եկավ հերթական՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված մատուցմամբ, որն իրականացրել է ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը: Վերջինիս մասնակցությամբ ՀԱՖՆ-ն նախկինում մատուցել է Լեոնկավալոյի «Պայացներ», Վերդիի «Ռիգոլետո», Պուչինիի «Տոսկա» եւ «Մադամ Բաթերֆլայ» օպերաները: Տեսարաններ «Բոհեմից»: «Բոհեմում» դերերգերով հանդես եկան սոպրանոներ Իրինա Զաքյանը (Միմի), Ֆրանսիայից Լուսինե Լեւոնին (Մյուզետ), տենոր Տիգրան Օհանյանը (Ռուդոլֆ), բարիտոն Դավիթ Բաբայանցը (Մարսել), Գերմանիայից բարիտոն Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բուլղարիայից բաս Պլամեն Կումպիկովը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (Բենուա), բաս Հովհաննես Ներսիսյանը (Ալսինդոր), մասնակցությամբ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային եւ Կարինե Առաքելյանի ղեկավարած Ձայնի պահպանման վոկալ- երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի:

Լուսանկարում՝ Սուքիաս Թորոսյանը, Հասմիկ Պապյանը եւ Ռուզաննա Սիրունյանը: Հայաստանցի եւ հրավիրյալ հայ երգիչները հանդիսատեսին ծանոթ էին, բացառությամբ՝ Պլամեն Կումպիկովի: Նա մինչ բեմելը «Առավոտին» նախ հայտնեց, թե իր հայրենիքում եւ արտասահմանյան թատրոններում «Բոհեմ» ներկայացման մեջ հանդես է եկել շուրջ 60 անգամ, հետո էլ առանց մանրամասնելու հավաստիացրեց, որ սա իր առաջին համերգային այցը չի լինի մեր երկիր: Գուցե հանդիսատեսին ծանոթ չէր միայն Տիգրան Օհանյանի անունը, որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող է, սովորել է նախ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի, ապա ուսումը շարունակում է պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այս տարվանից էլ ընդգրկված է Ազգային օպերային թատրոնի Երիտասարդ օպերային երգիչների ծրագրում:

Մասնագիտական խոսքը թողնելով երաժշտագետներին, միայն փաստենք, որ օպերայի վերջում հանդիսատեսի կողմից, որի շարքում կային ճանաչված շատ անուններ, երկար ժամանակ չէին դադարում բրավոները: Մենք միայն ավստրիաբնակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանից կարծիք խնդրեցինք, որն այս օրերին հրավիրված էր Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար ժյուրիի աշխատանքներին: Հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուրը հայտնեց միայն հետեւյալը, ինչը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել CD»:

Տեղեկացնենք, որ Պուչինիի «Բոհեմ» օպերան Երեւանի թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1936թ., բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանի եւ ռեժիսոր Լեւոն Քալանթարի կողմից: Գլխավոր՝ Միմիի եւ Ռուդոլֆի դերերգերով հանդես են եկել Հայկանուշ Դանիելյանը եւ Արսեն Ավագյանը: Երկրորդ անգամ հիշյալ օպերան 1945թ. բեմադրել են դիրիժոր Միքայել Մալունցյանն ու ռեժիսոր Գոհարինե Մելքումյանը: Գլխավոր դերերգերն էլ կատարել են Ելենա Ֆանարջյանն ու Գալուստ Գաբրիելյանը: Վերջին անգամ «Բոհեմը» Երեւանում ներկայացվել է 1985թ., Նորայր Սարգսյանի ռեժիսուրայով եւ Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, իսկ գլխավոր դերերգերի իրենց մեկնաբանությունն են բերել Հասմիկ Պապյանը եւ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ 

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer