Archive for November, 2015

Իսպանական մամուլի անդրադարձը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Մալագայի սիմֆոնիկ նվագախմբի համերգին

November 25th, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Շատերին է հայտնի Մալագայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երկացանկի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը:  Սա յուրահատուկ շքեղություն է հաղորդում համերգներին և այնքան շոշափելի է, որ դիրիժորական փայտիկը երբեմն սկսում է երկրորդական դեր խաղալ` զգալով իր անպարտությունը:

Նորություն է, թերևս, դիրիժորի և նվագախմբի համագործակցությունը, որի նպատակն է ներկայացնել հագեցած և համապարփակ ծրագիր: Այսպիսին էր անցյալ հանգստյան օրերի համերգը, որի ընթացքում յուրահատուկ դեր խաղաց Սերվանտեսի սրահում հավաքված հանդիսատեսը: Շատերս կհրաժարվեինք նվագացանկի այլ համերգների հեռանկարներից, միայն թե կարողանայինք հայտնվել մշտական այցելուներով լցված այս թատրոնում:

Որոշակի առումով վերոնշյալ համերգը կարծես մարտահրավեր լիներ: Երաժիշտների և մաեստրո Էդուարդ Թոփչյանի կատարած  հիանալի աշխատանքը արդարացրեց ներդրած ջանքերը: Երիտասարդ հայ դիրիժորը հաճելի տպավորություն գործեց ինչպես դիրիժորական փայտիկի հետ աշխատելու իր վստահությամբ, այնպես էլ Մալագայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթի վրա իր ներգործությամբ:

Հզոր հնգյակի սյուներից մեկը և Չայկովսկու աշակերտը` Ռիմսկի-Կորսակովը, խմբի ամենաերկարակյաց կոմպոզիտորն է և հայտնի է իր սիմֆոնիկ շարանվագներով, որոնցից առանձնանում է Շահրազադեն` համերգասրահներում ամենաշատ հնչած և ստուդիաներում ամենահաճախ ձայնագրված ստեղծագործությունը: Չորս մասից բաղկացած շարանվագում մաեստրո Թոփչյանն ընդգծեց ստեղծագործության ուժեղ և հակասական բնույթը, որ պատկերում է փոփոխական ժամանակների էջերը: Մենակատար մասնակիցների խումբը գլխավորում էր Ֆիլհարմոնիկի առաջին ջութակ Անդրեա Սեստակովան:

Ալեխանդրո Ֆերնանդես

Շահրազադը, հիմնված լինելով հարուստ գործիքավորման վրա, պրեմիերայի օրվանից իսկ եղել է Ռիմսկի-Կորսակովի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Շահրազադի հիմքը սիմֆոնիկ շարանվագային կառուցվածքն է, մասնավորապես` «Հազար ու մի գիշեր»-ում Շահրիյար սուլթանին գլխավոր հերոսուհի Շահրազադի պատմած հորինվածքները: Հետաքրքիր է, որ Ռիմսկի-Կորսակովի ցանկությունն այն էր, որ հանդիսատեսը չփորձի ստեղծագործության ամեն մասի հետ զուգորդել «Հազար ու մի գիշեր»-ի պատումները: Այդ իսկ պատճառով նա անվանումները փոխարինեց ժամանակային հղումներով, չնայած արդյունքում վերջիններս զուգորդվում են վերնագրերի հետ, ինչպես օրինակ «Կալենդար արքայազնի պատմությունը» կամ «Սիմբադի ծովն ու նավը»: Չնայած բոլոր գործիքների կարևորությանը` ստեղծագործության գլխավոր հերոսները երկուսն են. մի կողմից սուլթանը` ֆագոտների և հոբոյների կատարմամբ, իսկ մյուս կողմից` արքայադուստր Շահրազադը` ջութակների հնչողությամբ: Առաջին ջութակ Անդրեա Սեստակովայի կատարումն ավելի ընդգծեց Մալագայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մեծ արժեքը:

Երկրորդ մասում ներկայացվեց մեկ այլ դասական գործ` Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան: Չնայած պրեմիերայի օրը այն մնացել էր չհասկացված` քչերն էին տեղյակ, որ դա հանճարի երաժշտական հրաժեշտն է, որից մի քանի օր անց նա ինքնսպան եղավ: Ինչպես Մալերի` ճակատագրին և մահվանը նվիրված 6-րդ սիմֆոնիայում («Ողբերգական»), այստեղ նույնպես Էդուարդ Թոփչյանը հանդիսատեսի առջև բացում է Չայկովսկու ողջ ոգեղենությունը: Անհնար է չնկատել հանդիսատեսի հիացմունքը հայ դիրիժորի մանրակրկիտ աշխատանքով: Սա չորս մասից կազմված գործ է (չնայած ի սկզբանե նախատեսված էին առաջին երեքը), որի գագաթնակետը մի առանձնահատուկ ռեքվիեմ է: Գեղեցիկ է դանդաղ և մերկ նախաբանը, որն իր տեղն է զիջում էլեգանտ և խնամքով մշակված վալսին: Մաեստրո Էդուարդ Թոփչյանը հիանալի հոբոյների և լարային ու փողային գործիքների հմուտ համադրությամբ հասցնում է սիմֆոնիայի կ ավարտին, որպեսզի սկսի վերջին` ի սկզբանե չնախատեսված մասը: Ողբերգական և սրտառուչ մեկնաբանություն, որում Էդուարդ Թոփչյանի շնորհիվ Մալագայի ֆիլհարմոնիկ նվագախումբը գերազանցեց ինքն իրեն:

Ալբերտո Ֆերնանդո Լոպես 

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer