Archive for September, 2015

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾԵԼ

September 18th, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հարցազրույցՙ մաեստրո Էդվարդ Թոփչյանի հետ

Նախորդ շաբաթվա համարում գեղեցիկ մի հոդվածով անդրադարձել էինք օգոստոսի 8-ին Լիբանանի Բեյթեդդինի պալատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տված շքեղ համերգինՙ լիբանանահայ երաժշտագետ Միմի Հ. Յոզկաթյանի գրչով: Հոդվածագիրը համերգից մեկ օր առաջ հարցազրույց է ունեցել նվագախմբի գեղղեկ եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի, ինչպես նաեւ հիշյալ համերգում փայլուն ելույթ ունեցած ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Ստորեւՙ գլխավոր դիրիժորի, իսկ հաջորդիվՙ Ս. Խաչատրյանի հետ հարցազրույցները:


 

- Մաեստրո, ո՞րն է Ձեր հավատամքը, կրեդոն, գլխավոր դավանանքը:

- Դուք նկատի ունեք հենց այս համերգի հետ կապվա՞ծ:

- Ոչ, Ձեր անձի, կյանքի Ձեր կրեդոն:

- Գլխավորապես ազնիվ արվեստագետ լինելը, մնալը եւ անընդհատ ձգտելը հնարավորինս լավ ձեւով երաժշտություն կատարել:

- Բեյթեդդինի միջազգային փառատոնը ի՞նչ նշանակություն ունի Ձեզի եւ Ձեր նվագախումբին համար:

- Ընդհանրապես յուրաքանչյուր ելույթ շատ-շատ կարեւոր է: Ես յուրաքանչյուր համերգի, բնականաբար նաեւ իմ համերգին լուրջ եմ մոտենում, եւ հիմա շատ ուրախ եմ, որ մենք Բեյթեդդինի փառատոնին պետք է ելույթ ունենանք: Ես գիտեմ, որ դա Միջին Արեւելքի ամենակարեւոր երաժշտական միջոցառումն է, շատ պատիվ է այնտեղ ելույթ ունենալը, միշտ մեծ երաժիշտներ են այնտեղ ելույթ ունենում, եւ շատ ուրախ եմ, որ մենք հրավիրված ենք եւ շատ ուրախ եմ, որ հենց Սերգեյ Խաչատրյանի հետ միասին ենք:

- Դուք 2000 թ.-էն ի վեր շառավիղն եք մեծ երաժիշտներու եւ նվագավարներու: 15-ամյա ոչ շատ հեշտ ճանապարհ մը, որուն ընթացքին անդուլ կերպով շարունակեցիք վերակազմավորել եւ վերարժեւորել նվագախումբը: Ո՞վ էր էդուարդ Թոփչյանը 15 տարի առաջ եւ ո՞վ է ան այսօր:

- Բոլոր ժամանակներում էլ Էդ. Թոփչյանը մարդ է, որը շատ է սիրում երաժշտությունն ու իր գործը եւ ձգտում էր եւ հիմա էլ ձգտում է կատարելության: Այսինքնՙ շատ լուրջ եմ մոտենում ամեն ինչին, ինչ որ ես կանեմ, եւ անընդհատ ձգտում եմ, փորձում եմ, որ զարգանամ եւ կարողանամ զարգացնել այն, ինչը իմ շուրջն է:

- Դուք մասնագիտությամբ ջութակահար եք: Ո՞ր գործոնները Ձեզ մղեցին խմբավարության. գիտակցելո՞վ, որ անհրաժեշտորեն պետք է արհեստավարժ նվագախումբ եւ միջավայր այդ փորձառությունը ձեռք ձգելու համար:

- Ես ջութակահար եղած ժամանակս էլ ընդհանրապես սիրում էի երաժշտությունը, եւ երաժշտական առումով մտահորիզոնս մեծ էր, որովհետեւ հետաքրքրվում էի բոլոր ժանրերով: Շատ լավ գիտեմ ե՛ւ դաշնամուրային երաժշտություն, ե՛ւ ամեն ինչ երաժշտության մեջ, ամեն ինչ չասենքՙ ինչ-որ հնարավոր է, շատ էի սիրում օպերաներ եւ շատ էի սիրում սիմֆոնիկ երաժշտություն, անընդհատ լսում էի, անընդհատ սովորում էի, պարտիտուրներ էի սովորում, թեեւ բոլորովին նպատակ չունեի դիրիժոր լինելու: Եվ եկավ մի օր, որ ստեղծվեց իմ կամերային նվագախումբըՙ «Սերենադը», եւ քանի որ դրանից առաջ ես միշտ իմ ընկերների հետ տարբեր կամերային ձեռնարկներ էի անում եւ այնտեղ նվագում էի իրենց հետ եւ մի քիչ իրենց խորհուրդներ էի տալիս, թե ինչպես նվագեն, եւ կարծես մի քիչ էլ ղեկավարում էի, էդ կամերային նվագախումբը, որ ստեղծվեց, իմ ընկերները որոշեցին, որ ես ղեկավարեմ: Եվ կամաց-կամաց դարձա դիրիժոր, կամաց-կամաց ավելի լուրջ սկսեցի մոտենալ դրան, կամաց-կամաց սկսեցի սովորել ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ էր դիրիժոր դառնալու համար, եւ դարձա, որովհետեւ համենայնդեպս շատ կապված էի երաժշտության հետՙ սիմֆոնիկ երաժշտության եւ օպերային:

- Այսօր կարո՞ղ ենք ըսել, թե մաեստրո Թոփչյանը մշակած է եւ ունի իր ուրույն conducting style-ը, le geste du chef-ը, նվագավարելու կերպը կամ ոճը: Կարելի՞ է ուսուցանել զայն եւ արդյոք կա՞ նվագախումբ ղեկավարելու փիլիսոփայություն:

- Այո, կարելի է ուսուցանել եւ պետք է ուսուցանել: Դե գիտեք, ամենակարեւորըՙ ժեստը, լուրջ բան է, բայց միշտ ավելի կարեւոր է հասկանալը, թե ընդհանրապես ինչու ես դու դիրիժոր, ընդհանրապես ինչ ես ուզում դու անել, ինչին ես ուզում հասնել, եւ դրանից հետոՙ քո երաժշտական մոտեցումները: Երբ մարդ շատ հստակ գիտի պարտիտուրում ամեն գրված նոտան եւ գիտի ամեն նոտայի հետ ինչպես վարվելը, ինչպես ներկայացնելը, այլ խոսքովՙ ընդհանուր կոնցեպտը ունի եւ, պարզ է, մի քիչ էլ փորձառություն, լավ սովորել է, եւ լավ գիտի, ապա, ինչպես շատ մեծ դիրիժորներ են միշտ ասումՙ ձեռքերը այդ ամենը ցույց կտան: Դրա համար նայում ես ու տեսնում, որ ամեն դիրիժոր մի ձեւով է չափ տալիս, ժեստերը ինչ-որ մի տեսակ են: Մեծ դիրիժորներին եթե համեմատենք իրար հետ, բոլորը շատ տարբեր են, բայց բոլորը հասնում են բացառիկ (մեծերի մասին է խոսքը) արդյունքի, եւ զարմանում ես, ասենք, մի դիրիժորը գալիս է, կանգնում նույն նվագախմբի առաջ, եւ դեռ ոչինչ չի արել, բայց մի շարժումից նվագախումբը լրիվ մի ուրիշ տեսակ է հնչում:

- Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել ուրույն շարժուձեւՙ առանց sensational (զգայացունց) կամ spectaculaire (հանդիսանքային, ցուցադրական) ըլլալու:

- Գիտեք, ընդհանրապես այդ ուղղությունը, որը հիմա դասական երաժշտության մեջ կա, որ համերգները վերածվեն շոուի, ես դրան շատ դեմ եմ, եւ իմ սիրելի դիրիժորներից որեւէ մեկը, նույնիսկ Հերբերտ ֆոն-Կարայանը, որը շատ էսթետիկ տեսք ուներ բեմի վրա եւ ասես ամեն ինչը մշակված էր, երբեք նրա համերգները շոուի չվերածվեցին: Նա արտակարգ լուրջ էր մոտենում ամեն ինչին: Ասում ենՙ երբ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան 500-րդ անգամ նույն նվագախմբով նվագում էր, նորից յոթ փորձ էր անում: Դրա համար էլ շատ կարեւոր է երաժշտության էությունը, եւ ընդհակառակըՙ այն մարդիկ, ովքեր փորձում են համերգը վերածել շոուի, ինձ վրա շատ անլուրջ տպավորություն են թողնում: Նրանք երբեք պատմության մեջ չեն մնալու: Կարող է տվյալ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի քաղաքում, ինչ-որ մարդիկ դրանով հետաքրքրվեն, բայց դա հեռուն գնացող բան չի:

- Կուզեմ այստեղ մեջբերել մաեստրո Օհան Դուրյանի մեկ բնութագրումը, երբ կըսէՙ դիրիժորը պետք է լինի ուրիշ աշխարհից, դիրիժորի արվեստը շոու չէ, ան հոն է տալու միայն կոմպոզիտորի միտքն ու զգացումները եւ արարելու իր ստեղծագործությունը: Մաեստրո, Դուք որպես այդպիսի՞ն ճանչցաք զինք:

- Ես Օհան Դուրյանի հետ շատ մտերիմ եմ եղել: Նա չափազանց սկզբունքային մարդ եւ երաժիշտ էր, եւ իսկապես իր համար միշտ կարեւորը մնաց երաժշտությունը, նոտաները. ո՛ր նոտան ո՛ւր պիտի գնա: Շատ բծախնդիր ու շատ սկզբունքային էր բոլոր հարցերում, ինչպես մարդկային հարաբերություններում: Գիտեք, գուցե տարօրինակ հնչի, եթե ասեմ, որ նա մինչեւ ուղնուծուծը նվիրված էր երաժշտությանը: Բայց իսկապես ինքն այդպիսին էր: Օրինակ, կան մարդիկ, գիտե՞ք, որոնք տարբեր նպատակներով են երաժիշտ դառնում: Սակայն Օհան Դուրյանը երաժիշտ էր, որովհետեւ ինքը առաջին հերթին շատ էր սիրում երաժշտությունը:

- Ղեկավարել մինիմալ շարժուձեւով. օրինակՙ Կարայանի, Դուրյանի, Կուրտ Մազուրի նման մատներու ծայրով, դիմագիծի արտահայտություններով: Ըստ Ձեզի, նվագախումբ մը ի՞նչպես կհարմարի եւ կընկալե այդ կերպերը:

- Ես մի ուսուցիչ ունեի, որը շատ հայտնի դիրիժոր էրՙ Մելո Սանտին, օպերային դիրիժոր էր. ինքը ինձ միշտ ասում էր մի բան. քիչ, փոքր շարժումներ արա, երբ դու անընդհատ ակտիվ կշարժվես, երաժիշտները կդադարեն քո շարժումները ընկալել, կհոգնեն քեզնից: Այնպես պետք է լինի, որ երբ դու հատուկ մի իմպուլս ունես նվագախմբին փոխանցելու, մարդիկ քո այդ իմպուլսը պետք է ստանան: Իսկ երբ դու անընդհատ ակտիվ եւ մեծ շարժումներ անես, այդ մեծ շարժումները, որոնք երաժիշտները աչքի մի անկյունով են տեսնում, նրանք չեն կարող քեզ հետեւել, եւ ասեմ Ձեզ, որ դա գեղեցիկ էլ չէ: Շատերին կթվա, որ էդ թռնելը, էդ հիմար շարժումները… բայց իրականության մեջ, իհարկե, այն դիրիժորները եւ բոլոր նրանք, ովքեր լուրջ բան ունեն ասելու կամ փորձում են ասել, նրանք երբեք շարժումները շոուի չեն վերածում, եւ այդ դեպքում է, որ շարժումները կարող են չափազանց գեղեցիկ եւ էսթետիկ լինել: Ու միայն հենց ա՛յդ դեպքում կարող են գեղեցիկ եւ էսթետիկ լինել:

- Հաճախ, հյուր դիրիժորներու ղեկավարությամբ նվագախումբին հնչողությունըՙ sonorite-ն եւ դինամիկը տարբեր կհնչե, երաժիշտները ինչպե՞ս կընկալեն զայն եւ այն արդյո՞ք զգալի կդառնա ունկնդիր հանրության…

- Յուրաքանչյուր նվագախմբում յուրաքանչյուր դիրիժոր, որ գալիս է, անմիջապես հնչողությունը փոխվում է: Սա անբացատրելի մի բան է: Օրինակ, հոգու խորքում ես շատ կապված եմ մի դիրիժորի հետ, որն արդեն չկաՙ Կառլա Մարիա Ջուերինին, որը շատ մեծ դիրիժոր էր, ունի մի հանրահայտ ձայնագրություն, որը ձայնագրել է 90 տարեկանում Շտուտգարտի ռադիոյի նվագախմբի հետ: Դա Բրուկների 9-րդ սիմֆոնիան է (իսկ Բրուկներն ինձ համար ամենասիրելի կոմպոզիտորներից մեկն է, եւ ես ունեմ նրա տարբեր թվականների ձայնագրությունները): Եվ հիշյալ ձայնագրության մեջ, երբ ինքը դողդոջուն քայլերով մոտենում է նվագախմբին, դեռ ոչինչ չփորձած, եւ հենց առաջին շարժումն անում է, եւ նվագախմբից գալիս է Բրուկների 9-րդ սիմֆոնիայի ձայնը: Այս բաներն անբացատրելի են: Դրա համար էլ հենց, օրինակ, ես, ասենք, նայում եմ Գերգիեւին, որ շատ մեծ դիրիժոր է, հաճախ մտածում եմՙ ո՞րն է նրա այդ հատուկ ուժը, տեսնում ես, որ իր միջից մի այնպիսի բիոդաշտ եւ էներգիա է ճառագում, որ ամեն ինչ հավաքում է իր շուրջը: Եվ դրա համար, նորից պետք է կրկնեմ, ավել-պակաս շարժումներ անելու կարիք չկա:

- Մաեստրո, Օհան Դուրյանից բացի ո՞ր դիրիժորներն են ավելի շատ տպավորած Ձեզ, եւ այսօր Դուք Ձեզ ի՞նչ աստիճանի համեմատության մեջ կտեսնեք անոնց հետ:

- Շատ դիրիժորներ կան, որ սիրում եմ, ինձ համար դիրիժորության, այսպես ասած, «աստվածը» Հերբերտ ֆոն-Կարայանն է, եղել եւ մնում է: Շատ եմ սիրում նաեւ Կլաուդիո Աբադդոյին եւ Կառլոս Սկայբերին եւ էլի տարբեր դիրիժորներիՙ Ջեյմս Լիվան, Ռիկարդո Մուտի: Հիմա կա մի դիրիժոր, որին նույնպես շատ-շատ եմ հավանում, շատ հետաքրքրական է ինձ համարՙ Ռիկարդո Շաին, իսկ ռուսական ռեպերտուարի մեջ շատ եմ սիրում մաեստրո Գերգիեւին: Բոլորի անունները չեմ կարող թվարկել այստեղ:

Ես շատ եմ հետաքրքրվում բոլոր դիրիժորներով միշտ, եւ նրանց մեջ կան իրոք հիանալի դիրիժորներ: Ասեմ նաեւ, որ կան դիրիժորներ, ովքեր հաճախ ամենահետաքրքիրականը չեն թվում, սակայն մեկ էլ մի ստեղծագործությունն այնքան լավ են կատարում, որ տեսնում եսՙ այդ ստեղծագործության մեջ ինքը իրոք հիանալի է, եւ հենց դրանում է ամբողջ հրաշքը: Համոզվում ես, որ պատահական բան երբեք չի լինում: Բոլոր մեծ դիրիժորներից ոչ մեկը պատահական չի հասել այդ աստիճանին:

- Ձեր նվագացանկը բազմակողմանի՞ է, թե՞ որոշ փակվածություն մը գոյություն ունի, տրված ըլլալով, որ Ձեր նվագախումբը հավանաբար նոր երաժշտական գործիքներու կարիք ունի եւ առհասարակ ֆինանսական բարդ խնդիրներու առկայություն կա, այս ամենը կազդե՞ն, որ Դուք չընդլայնեք շատ մոդեռն երաժշտություն…

- Մենք նվագում ենք ամեն ինչ: Մոդեռն էլ ենք նվագում, նույնիսկ շատ հաճախ փառատոներ են լինում Հայաստանում, որ գալիս են այսօրվա մեծ կոմպոզիտորներըՙ Բենդերեցկի, Շշեդրին, Գուբայդուլին եւ այլք, եւ մենք նրանց հետ փառատոներ ենք անում, նվագում ենք նրանց երաժշտությունը: Այսինքնՙ մենք նվագում ենք իսկապես ամեն ինչ: Ֆինանսական դժվարություններն այսօրվա կյանքում, կարծում եմ, աշխարհում յուրաքանչյուր օրկեստր ունի, եւ նրանք միշտ կախված են հովանավորներից: Բայց ես պետք է ասեմ, որ մեր պետությունըՙ ի դեմս մեր նախագահի, մեզ շատ է աջակցում, եւ մեր նախագահի շնորհիվ նվագախումբը հիմա գոյություն ունի եւ զարգանում է: Մենք միշտ նրան շնորհակալ ենք: Միեւնույն ժամանակ մենք ունենք մեր գլխավոր հովանավորը, որը Վիվասել-ՄՏՍ-ն է: Իսկ Բարեգործականի եւ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի ազդեցությունը ընդհանրապես օրկեստրի վրա եղավ այն, որ 90-ականներին նվագախումբը կարող էր քանդվել եւ այսպիսի օրկեստր չլիներ, ոնց որ հիմա կա, եւ շնորհիվ Լուիզ Սիմոնի օրկեստրը պահպանվեց եւ առաջ գնաց: Եվ հիմա մեր պետության, մեր նախագահի աջակցության կողքին մենք միշտ ակնկալում ենք, որ նոր հովանավորներ լինեն, որովհետեւ, իհարկե, կարիքները շատ մեծ են:

- Մաեստրո, Ձեր սեփական ստեղծագործության ներաշխարհ մուտք գործա՞ծ եք:

- Ես չեմ փորձել ստեղծագործել, միայն երեխա ժամանակ մի քանի փոքրիկ բաներ եմ փորձել, ջութակով փորձել-նվագել եմ, բայց շատ շուտ հասկացել, որ դա իմ ճանապարհը չէ, եւ դիրիժորությամբ եմ զբաղվել:

- Մեծ ղեկավար Մայքլ Թիլսոն Թոմասը….

- Հիանալի դիրիժոր է…

- Կըսէՙ 21-րդ դարը երաժշտականորեն հետզհետե խառնուրդ մը պիտի ըլլա, սիմֆոնիկի գոյատեւումը պայմանավորված է լայնամտությամբ եւ անհրաժեշտորեն հարկ պիտի ըլլա զանազանք ներմուծել ռեպերտուարներու մեջ, որովհետեւ, կըսե, այլեւս մեկ տեսակի հասարակություն չկա, այլՙ բազմաթիվ:

- Տեսակիՙ դասակա՞ն երաժշտության, թե՞ նվագախմբերի…

- Մոդեռն երաժշտություն ալ կըլլա, ջազ ալ կըլլա, ինչ-որ հիմա…

- Հիմա արվում է ամեն ինչ, բայց ինքըՙ նույն Մայքլ Թիլսոն Թոմասը շատ լուրջ դիրիժոր է:

- Իր մտահոգությունն է:

- Այդ մտահոգությունը շատերն ունեն: Բայց ես չեմ կարծում, որ լուրջ դիրիժորները, այդ թվում նաեւ Մայքլ Թիլսոն Թոմասը, որը Վալերի սիմֆոնիաները արտակարգ է կատարում, շատ լավն են իր նոր ձայնագրությունները «Սան Ֆրանցիսկո սիմֆոնիկի» հետ: Բացառիկ խելացի երաժիշտ է եւ մեծ վարպետ: Ես, օրինակ, չեմ կարծում, որ հենց մեկըՙ ինքը, գնա այդ շոուի ճանապարհով, երբե՛ք: Բայց դեպքից-դեպք, ասենքՙ մի լավ ռոք երգիչ կամ մի ջազ խումբ միացնել սիմֆոնիկին կարելի է:

- Որպեսզի ժողովուրդի մեջ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնե՞:

- Դա միշտ էլ արվել է, արել են բոլորը, բայց ես կարծում եմ, որ իհարկե լուրջ սիմֆոնիկ երաժշտությունը պետք է միշտ մնա այնպես, ինչպես կա, նույնպեսՙ օպերայինը:

- Իսկ ի՞նչ կարծիք ունիք կին դիրիժորներու մասին. զարմա՞նք, վերապահությո՞ւն, հիացմո՞ւնք, թե՞…

- Ընդհանրապես չեմ սիրում, որ ասում ենՙ կինը էս բանը կամ էն բանը պիտի չանի: Ես գտնում եմ, որ մարդիկ հավասար են եւ ամեն ինչ պիտի անեն, պիտի փորձեն: Ուղղակի ես միշտ մտածում եմ. ինչո՞ւ մեծ կոմպոզիտորների մեջ ոչ մի կին կամ գրեթե ոչ մի կին չկա:

- Մալերի կինը կար:

- Մալերի կինը հո չե՞նք համեմատի Մալերի հետ: Ես մտածում եմ, որ կան որոշ կին դիրիժորներ, բայց շատ բացառիկ մեկին դեռ չեմ տեսել, բայց հավատում եմ…

- Բացառիկ է թերեւս Մերին Ասվոլդը…

- Ինքը ամենալավն է կանանց մեջ:

- Հայտնի է, որ կին դիրիժորներու ներկայությունը մեծապես կնպաստե տոմսերու սպառումին…

- Կարող է: Ի դեպ, ինքը իմ տեսածների մեջ ամենալավն է: Գիտեք, հիմա այս մոդան որ կաՙ կանայք զբաղվում են դիրիժորությամբ, վստահ եմ, որ հետագայում կլինեն նաեւ կին մեծ դիրիժորներ:

- Կպատահին համերգներ, ուր աստիճանաբար ե՛ւ բեմը, ե՛ւ հանդիսատեսը, ե՛ւ ղեկավարը կդառնան մեկ շունչ ու մարմին. երբ գա այդ paroxysm-ը, բարձրակետը, ի՞նչ կզգաք, ինչպե՞ս կապրիք այդ րոպեները, այդ համաձուլումը, այդ խելագար պահերը:

- Դա ամենամեծ պահն է երաժշտի, արվեստագետի կյանքում, երբ զգում է, որ իրեն հաջողվում է բոլորին մոբիլիզացնել եւ ստեղծել մի ընդհանուր շունչ-մթնոլորտ դահլիճում, որ բոլորը սկսում են ամեն նոտայով կամ վայրկյանով ապրել. լինում են այդ պահերը, դա ամենամեծ բերկրանքի պահերն են:

- Վաղը, կկարծեմ, այդ բանը տեղի պիտի ունենա անպայման:

- Փորձենք:

- Վերջին հարցումս. ո՞րն է Ձեզի համար երաժշտական աբսոլյուտ, գերագույն ստեղծագործությունը:

- Ես միշտ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ ես չգիտեմ որն է իմ ամենասիրելի կոմպոզիտորը: Ես գիտեմ ովքեր են իմ ամենասիրելի կոմպոզիտորները, բայց մեկին դժվարանում եմ առանձնացնել, բայց ինձ թվում է, որ եթե մի ստեղծագործություն ընտրելու լինեմՙ դա Բրուկների 9-րդ սիմֆոնիան է:

- Սիրելի մաեստրո, Ձեր ասպարեզային գնացքը ինչպե՞ս կարելի է բնորոշել երաժշտական լեզվովՙ allegro-moderato, moderato-combrio, allegro-vivace, andante-maestozo, allegro-conmoltobrio…

- Կդժվարանամ ասել:

- Չէ, ըսեք, ըսեք…

- Չեմ կարող ասել…

- Չէ, չէ, պետք է ըսեք…

Մեզի համար allegro-conmoltobrio-ն է:

- Չգիտեմ, ես մտածելով եմ առաջ գնում: Գուցե allegro-moderato…

- Իսկ եթե Էդուարդ Թոփչյանին հնարավորություն ընծայվեր հանդիպելու պատմության մեծագույն վարպետ-կոմպոզիտորներու հետ, որո՞ւն պիտի ուզեր հանդիպիլ:

- Շատ դժվար է….

- Բախի՞ն…

- Դժվար է…

- Չէ, մեկ հոգի…

(Հոգոց…) Բեթհովենին կամ Բրուկներին…

- Շնորհակալություն, հուսամ վաղը երեկո մենք պիտի ապրինք paroxysm-ը:

- Ես եմ շնորհակալ:

VN:F [1.9.20_1166]
Rating: 4.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer