Archive for March, 2015

Երաժշտական ճանաչված Բուրդոնքլ ընտանիքը Հայաստանում

March 11th, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հյուրախաղորդ երաժիշտներից ոմանց՝ Երեւանում կայացած համերգն այնքան տպավորիչ է լինում, որ նույնիսկ տարիներ անց, առիթի դեպքում, հանդիսատեսը խոսում է դրա մասին: Օրինակ՝ երբ օրեր առաջ ազդագրերը տեղեկացրին ֆրանսիացի դաշնակահար Միշել Բուրդոնքլի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կայանալիք համերգի մասին, երաժշտասեր հասարակայնությունը մտաբերեց նույն երաժշտի համերգը երկու տարի առաջ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Ռավելի կոնցերտի՝ ձախ ձեռքի համար ստեղծագործության հիանալի մեկնաբանումը: Այս անգամ Միշել Բուրդոնքլը Երեւանում է դաշնակահար զավակների՝ 14-ամյա Մելանիի եւ 16-ամյա Նիկոլայի հետ: «Առավոտի» դիտարկմանը, թե մեծ պատասխանատվություն է, երբ անվանի արվեստագետը, այն էլ արտերկրում, ներկայացնում է կատարողական արվեստում առաջին քայլերն անող երեխաներին, Միշել Բուրդոնքլը նախ ասաց, թե երկուսն էլ սկզբնական կրթությունը ստացել են իր ղեկավարությամբ, հետո հավելեց. «Դուստրս սովորել է Էքս-ան-Պրովանսի կոնսերվատորիայում, ներկայումս ուսումը շարունակում է Մարսելի Pierre Barbizet կոնսերվատորիայում, սկզբում Ջուլիետ Յիլմազյանի, այնուհետեւ Ժան-Բապտիստ Ֆոնլուպտիի ղեկավարությամբ: Որդուս կրթական ուղին այլ կերպ դասավորվեց. դասերի հաճախեց Մարսելի Pierre Barbizet կոնսերվատորիայում՝ Էրիկ Բերկոյի դասարանում, հետո արդեն՝ նրա մոտ սկսվեց վարպետության դասընթացների մասնակցության բուռն շրջան. հաճախեց աշխարհահռչակ Լիֆշիցի, Վիարդոյի, Վայնբերգի եւ մյուսների դասերին»: Մեր զրուցակիցը հավելեց, որ Նիկոլան սկսած 2009-ից՝ բազմաթիվ մենահամերգներ է ունեցել, այդ թվում՝ շուրջ 20 ելույթ տարբեր նվագախմբերի հետ: Իսկ Մելանին նվագախմբերի հետ համերգների իմաստով զիջում է եղբորը: Մեր զրուցակիցը հավելեց, որ երեւանյան համերգին դստեր կողմից ներկայացվող Հայդնի Ռե մաժոր կոնցերտը նա կատարել է Բաքաուի եւ Կրայովայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Ինչ վերաբերում է Երեւանում որդու՝ Ռավելի կոնցերտի կատարմանը, հավաստիացրեց, որ այն Նիկոլան բազմիցս հնչեցրել է տարբեր բեմերից: Մեր դիտարկմանը, որ այսօր աշխարհը «հագեցած» է անվանի դաշնակահարներով, օրինակ, միայն Հարավային Կորեայում այսօր շուրջ 60 մլն մարդ դաշնամուր է նվագում, չհաշված այդ ազգի անվանի դաշնակահարներին, այսքանից հետո հայրը ինչո՞ւ որոշեց երկու զավակներին էլ դեպի այդ մասնագիտությունն ուղղորդել, ավագ Բուրդոնքլը հավաստիացրեց, որ դա իր կամքը չի եղել, ավելին, ժամանակին տղան տարված էր ֆուտբոլով: Նա հավելեց նաեւ, թե զավակների բեմական, ստեղծագործական գործունեության ոլորտում ինքն ընդամենը դիտորդ է: Իսկ երեխաների անունները սկսել են տարածվել նրանց մասնակցությամբ տարբեր միջազգային մրցույթների շնորհիվ: Զրույցի ընթացքում խոսք գնաց Երեւանում Միշել Բուրդոնքլի կողմից հայ կոմպոզիտորի որեւէ երկի չանդրադառնալուն (այս անգամ նա հանդես կգա Չայկովսկու կոնցերտի կատարմամբ), մանավանդ որ, նա կատարելագործվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ճանաչված մանկավարժներից պրոֆեսոր Սամվել Ալումյանի մոտ եւ երկրորդ՝ դասավանդելով տասնյակ տարիներ, Ալումյանը իր սաներին մշտապես «ներարկել» է հայ հեղինակների ստեղծագործություններ: «Դա իմ բացթողումն է: Խաչատրյանի եւ մյուս հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները մշտապես տեղ են գտել ուսումնառությանս մոսկովյան շրջանում: Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի իմ հետագա համագործակցությունը ֆիլհարմոնիկի հետ, բայց խոստանում եմ՝ հաջորդ անգամ հանդես գալ հայ ստեղծագործողի երկով»,- ասաց արվեստագետը: Մեր զրուցակիցը հիացմունք հայտնեց մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին, իր խոսքերով՝ «Հանդես եմ եկել տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ, բայց շատ քչերի մասին կարող եմ ասել, որ բացի պրոֆեսիոնալիզմից, ծայրաստիճան կարգապահ են այնպես, ինչպես Հայաստանի նվագախումբը»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer