Archive for February, 2015

Մայքլ Նայմանի «Ֆլեյտայի կոնցերտը» Մասսիմո Մերչելլիի մեկնաբանությամբ` հայկական բեմում

February 19th, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

«Հայերն ու իտալացիները արտաքնապես են նման, իսկ երաժշտությամբ՝ ոչ այնքան»,- «ԱՌԿԱ style»-ի թղթակցի հետ զրույցն այսպես սկսեց իտալացի ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին:

Ժամանակակից երաժշտության հմուտ վարպետը խոստովանում է՝ հայ երաժիշտների հետ համագործակցությանը մեղեդիների տարբերությունը չի խանգարում, և ինքը կարիերայի սկզբից մշտապես շփվում է հայ պրոֆեսիոնալների հետ:

Փետրվարի 13-ին Երևանը կրկին հյուրընկալեց իտալացի ֆլեյտահարին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալացի ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին նվագախմբի հետ ներկայացրեց Մոցարտի «Ֆլեյտայի կոնցերտ K.313»-ը և Մայքլ Նայմանի «Ֆլեյտայի կոնցերտ»-ը, որն, ի դեպ, առաջին անգամ էր հնչում  Հայաստանում:

«Այս կոնցերտը Նայմանը գրել է մի քանի տարի առաջ, բավականին դժվար ստեղծագործություն է, բարդ գործ է ոչ միայն նվագախմբի, այլև ինձ համար»,- նշեց իտալացի ֆլեյտահարը:

Մասսիմո Մերչելլին առաջին անգամ Հայաստան է եկել 1982 թվականին: Անցյալ  տարի ևս համերգ է ունեցել՝ մաեստրո Թոփչյանի հրավերով: «Ես շատ ուրախ եմ ելույթ ունենալ նվագախմբի հետ, որովհետև ամեն անգամ նրանք ավելի լավն են: Սա շատ լավ թիմ է: Անցյալ տարի նրանք հրաշալի տուր ունեցան Իտալիայում, շատ տպավորիչ էր: Ըստ էության` նվագախումբը ձեր երկրի համար դրոշ է»:

Համերգի երկրորդ բաժնում կատարվեց Մալերի թիվ 4 Սիմֆոնիան: Մալերի սիմֆոնիայի ֆինալում, որտեղ հեղինակն օգտագործել է «Երկնային կյանքը» երգը, հանդես եկավ սոպրանո Իրինա Զաքյանը: Թոփչյանի ղեկավարությամբ այս ստեղծագործությունը նա կատարել է մի քանի անգամ: «Երաժշտությունն աստվածային է: Շատ էի կարոտել այս ստեղծագործությանն ու անընդհատ ասում էի՝ Էդուարդ, գուցե մեկ անգամ ևս կատարենք: Մաեստրոն համաձայնեց: Եվ այսօր կատարեցինք: Ի դեպ, խոսքերը բառացի թարգմանել է Թոփչյանը, ով հրաշալի տիրապետում է գերմաներենին»:

Մերչելլին նշեց, որ պատրաստվում է մեր երաժիշտներին կրկին հրավիրել իր հայրենիք:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Երկու պրեմիերա՝ մեկ երեկոյի ընթացքում

February 9th, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Շեփորահար Ռամ Օրենն ու Ալեքսեյ Կուրբատովն առաջին անգամ կներկայանան հայ հանդիսատեսին:

«Առավոտը» զրույցի հրավիրեց առաջին անգամ Հայաստան այցելած ճանաչված արվեստագետներ՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքսեյ Կուրբատովին (Ռուսաստան), շեփորահար Ռամ Օրենին (Իսրայել): Նրանց հետ էր մեր իսրայելաբնակ հայրենակից, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը: Մեր զրուցակիցները հայտնեցին, թե իրենց համար պատիվ է բեմ բարձրանալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մանավանդ որ, վերջինիս ընթացիկ համերգաշարը նվիրված է Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին: Համերգը կղեկավարի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Ռամ Օրենը հայտնեց, որ հայ արվեստը, մասնավորապես՝ երաժշտական, սկսել է խորը ուսումնասիրել դեռեւս 30 տարի առաջ, երբ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ ձայնագրել է հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, իր խոսքերով՝ աշխարհի հայտնի շեփորահարների համերգային ծրագրերում մշտապես տեղ գրաված Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի եւ նվագախմբի կոնցերտը: Հետաքրքրությանը՝ հեղինակը լսե՞լ է այդ կատարումը, շեփորահարը պատասխանեց. «Նուբար Ասլանյանը կապվել էր Ալեքսանդր Հարությունյանին եւ իր գոհունակությունը հայտնել՝ հարությունյանական կոնցերտի իմ մեկնաբանության առիթով: Ցավոք, այդպես էլ չստացվեց պարոն Հարությունյանի հետ իմ հանդիպումը, բայց Ասլանյանն ինձ փոխանցեց, որ հեղինակը գոհ է մնացել՝ լսելով ձայնագրությունը»: Ինչ վերաբերում է հունվարի 30-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք համերգին, Ռամ Օրենը հանդես է գալու Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի (համաշխարհային պրեմիերա) կատարումով: Երաժիշտն ասում է. «Հուսով եմ, որ առաջիկա այցերիցս մեկի ժամանակ Հայաստանում կհնչեցնեմ Հարությունյանի Շեփորի կոնցերտը, որի մասին երազել եմ»: Նա հավելեց նաեւ, որ երբ ծանոթանում էր Հարությունյանի կոնցերտին, իր ականջին մեղեդին հնչում էր իբրեւ հրեա կոմպոզիտորի գործ. «Նորություն չէ, որ մեր ժողովուրդներին կապում է ոչ միայն ցեղասպանության փաստը, այլեւ աշխարհում գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում մեր մասնագետների ընդունված լինելը»: Ալեքսեյ Կուրբատովն էլ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի սեփական ստեղծագործությունը՝ Դաշնամուրի երկրորդ կոնցերտը նվագախմբի հետ՝ Դավիթ Մնացականյանի թեմաներով: Իմիջիայլոց, Դավիթ Մնացականյանը ժամանակին ստեղծագործական ուղին սկսել է Երեւանում՝ որպես Օհան Դուրյանի ղեկավարած հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար: Հետագայում, իբրեւ դիվանագետ, շուրջ 40 տարի ներկայացրել է Ռուսաստանը Ավստրիայում, Գերմանիայում, Հնդկաստանում եւ Շվեդիայում, ունի ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանորդի կարգավիճակ: Դավիթ Մնացականյանը աշխատանքին զուգահեռ՝ ստեղծագործել է եւ իր կոմպոզիցիաները հնչեցրել հայտնի մենակատարների ու նվագախմբերի մեկնաբանությամբ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ դիվանագիտական գործունեություն է ծավալել: «Կոլեգաս՝ դաշնակահար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը միտք հուշեց Դավիթ Մնացականյանի թեմաներով դաշնամուրային կոնցերտ գրելու մասին: Կոնցերտում օգտագործել եմ Դավիթ Մնացականյանի մեղեդիները: Կարծում եմ՝ Հայաստանում առաջին անգամ հնչող այս երկը ունկնդիրը պետք է որ ջերմ ընդունի, քանի որ ըստ իս՝ այստեղ օրգանապես միաձուլվում են թեմատիկ նյութի ջերմությունն ու անմիջականությունը եւ, իհարկե, դաշնամուրային կոնցերտի նվաճումները: Կոնցերտի առաջին կատարողը դարձավ Գինդինը՝ Մոսկվայում, 2013թ., այն հնչեցնելով «Ռուսսկայա ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, ամերիկացի դիրիժոր Անդրիս Պոգայի ղեկավարությամբ»,- հայտնեց Ալեքսեյ Կուրբատովը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer