Archive for August, 2014

ՀՊՖՆ-ը Իտալիայում կմասնակցի «Էմիլիա Ռոմանիա» դասական երաժշտության միջազգային փառատոնին

August 22nd, 2014
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Օգոստոսի 25-30-ը Իտալիայում կկայանա «Էմիլիա Ռոմանիա» դասական երաժշտության միջազգային փառատոնը, որին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի շրջանակում նվագախումբը 4 համերգով հանդես կգա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա): Ի թիվս հրավիրյալ խմբերի և մենակատարների հանդես կգան նաև համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլով, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ և երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ: Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային կարևոր փառատոների Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր: Այդ փառատոների ընթացքում նվագախմբի հետ ելույթներ են ունեցել միջազգային հեղինակություն վայելող տասնյակ արտիստներ, ինչպիսիք են` Ջյուն Անդերսենը (սոպրանո), Ագնես Բալցան (սոպրանո), Քիմ Քաշքաշյանը (ալտ), Կարլ Դեվիսը (դիրիժոր) և այլք: 1989 թվականից մինչ օրս նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում՝ ձեռք բերելով լայն ճանաչում ու համբավ: Մասնակցությունը «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին հնարավորություն կընձեռվի լավագույնս ներկայացնելու Հայաստանի մշակույթը և հայ կատարողական արվեստը միջազգային երաժշտասեր հանրությանը:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer