Archive for May, 2014

Ֆիլհարմոնիկն իր ունեցած համեստ հնարավորություններով նվագում է հազար անգամ ավելի լավ, քան ենթադրվում է

May 31st, 2014
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

«Իրատես de facto»-ի հյուրն է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ:

«ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ՈՐ ՎԻՃԱԿԸ ԼԱՎԱՆԱ»

-Պարոն Թոփչյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հաճախ է համերգներ ունենում հրավիրյալ դիրիժորների ղեկավարությամբ: Թվարկեմ միայն վերջին շրջանում հյուրընկալվածների անունները` Պավել Կոգան, Յուստուս Ֆրանց, Լավարդ Սքու-Լարսեն, Լիոր Շամբադալ, Օլիվեր Վեդեր: Ի՞նչ է տալիս այս համագործակցությունը նվագախմբին: Նոր դիրիժորական ձեռագրի յուրացումը նպաստո՞ւմ է մեր երաժիշտների պրոֆեսիոնալ որակների կատարելագործմանը:
-Միանշանակ նպաստում է: Ցանկացած մեծ նվագախումբ պիտի նվագի հնարավորինս շատ հրավիրյալ երաժիշտների հետ, ծանոթանա շատ տեսակետների հետ: Հենց դա է պրոֆեսիոնալիզմը. նվագախումբը պիտի կարողանա արագ կողմնորոշվել հրավիրյալ դիրիժորի ղեկավարության պարագայում, և դա մեր նվագախմբին հաջողվում է:
-Դուք ևս հաճախ եք լինում դրսում: Ի՞նչ համեմատություն կարող եք անցկացնել մեծ քաղաքների, առաջադեմ, տնտեսապես հզոր երկրների նվագախմբերի և Ձեր ղեկավարածի միջև:
-Աշխարհում կան բոլոր մակարդակների նվագախմբեր: Նույն այդ հզոր երկրներում կան համաշխարհային բարձր մակարդակի նվագախմբեր և ինչ-որ աննշան, պրովինցիալ քաղաքների ոչ շատ բարձրակարգ նվագախմբեր: Նվագախմբերը, ըստ իրենց որակների, բաժանված են տարբեր դասերի: Ինչ վերաբերում է մեր երկրին, ֆիլհարմոնիկը, եթե ռեալ խոսենք, գուցե և միակն է և, հաստատ` ամենակարևորը Հայաստանում: Եթե փորձենք համեմատել մեր նվագախումբը, ասենք, Գերմանիայի, Անգլիայի, Ամերիկայի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ, դրանք համեմատելի չեն` ո՛չ բյուջեով, ո՛չ հնարավորություններով, ո՛չ նվագի որակով: Բայց պետք է նաև ասեմ, որ մեր նվագախումբը, իր ունեցած համեստ հնարավորություններով, նվագում է հազար անգամ ավելի լավ, քան ենթադրվում է: Դա է բոլորին զարմացնում: Թվում է, թե մեր երկրի նվագախումբը պիտի լինի շատ թույլ, բայց իրականում մարդիկ գալիս ու տեսնում են, որ մենք եվրոպական մակարդակի նվագախումբ ենք, թեկուզ և ոչ ամենաբարձր մակարդակի: Սրան մեզ հաջողվել է հասնել: Բայց այդ «մարզավիճակը» պահելը, բնականաբար, շատ ավելի մեծ էներգիա է պահանջում, քան դա կպահանջվեր, օրինակ, Նյու Յորքում:
-Հասմիկ Պապյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ցավով նկատեց, որ հայաստանցի երաժիշտների արտագաղթն այնպիսի չափերի է հասել, որ դրսում ապրող հայ երաժիշտներից կարելի է նվագախմբեր կազմել: Դրա վկայություններից մեկն էլ ապրիլի 24-ին Հայաստանից Մեքսիկա տեղափոխված երաժիշտներից հավաքված նվագախմբի համերգն էր` նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս իրողության պայմաններում ինչպե՞ս եք կարողանում պահել այդպիսի մեծ կազմով նվագախումբ, ո՞րն է պետական ֆիլհարմոնիկը չլքելու կարևորագույն նախապայմանը:
-Երաժիշտներին պահում է նախ` սերը դեպի իրենց հայրենիքը, հետո` մեծ կապվածությունը նվագախմբին: Եվ բոլորիս ցանկությունն է, որ Հայաստանի նվագախումբը լինի ներկայանալի: Եթե բիզնեսի մեջ գումարներ են ներդրվում, Հայաստանում այդ ներդրումը մեր աշխատանքն է: Աշխատանքով պետք է նվագախմբի մակարդակը բարձրացնենք: ՈՒ մի օր գուցե մեզ հաջողվի դառնալ համաշխարհային նշանակություն ունեցող նվագախումբ: Այսօր արդեն մենք այնպիսի նվագախումբ ենք, որ ցանկացած գործակալություն, ցանկացած համերգասրահ, մեր անունը լսելով, չի կասկածում, որ կարող ենք լավ ելույթ ունենալ: Ընդհակառակը, հետաքրքրվում են և մտածում համագործակցության մասին, մի բան, որ առաջ չի եղել: Երբ ես նոր էի այս նվագախմբում աշխատում, Հայաստանի ֆիլհարմոնիկը շատ տխուր անուն ուներ աշխարհում: Հիմա մեզ լուրջ են վերաբերվում և գիտեն, որ ինչ-որ պրովինցիալ խումբ չենք: Եթե մեզ հաջողվի մակարդակն ավելի բարձրացնել, դառնալ համաշխարհային կարևորություն ունեցող նվագախումբ, իսկ դրա շանսերն արդեն կան, մենք, բնականաբար, կսկսենք ավելի լավ վաստակել: Մենք այս երկրի երաժշտական աշխարհի դեմքն ենք, այնուամենայնիվ: Մեր երկրի վիճակն առայժմ բարդ է, ինչպես խորհրդային համակարգի բոլոր նախկին երկրներինը: Այդուհանդերձ, շնորհիվ մեր հանրապետության նախագահի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածության, նվագախումբը կարողանում է ապահովել պատշաճ նվազագույն մակարդակն ու այդ հիմքի վրա աշխատել: Բայց ես հույս ունեմ, որ հետզհետե և՛ երկրի, և՛ մեր վիճակը պիտի լավանա: Վերջերս Տալլինում էի, հոկտեմբերին էլ` Վիլնյուսում. մենք, այստեղ նստած, մտածում ենք, որ մերձբալթյան երկրներն արտակարգ, չնաշխարհիկ վիճակում են գտնվում, Եվրամիության կազմում են, Շենգենյան երկրների անդամ են: Նախ չեմ կարող ասել, որ իրենց նվագախմբերը մերից լավն էին, թեև իրենց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մերը: ՈՒ նաև այդ երկրների վիճակը զգալիորեն լավը չէ, քան Հայաստանինը: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ նշածս երկրներում՝ ներառյալ Չեխիան, չնայած տնտեսական ավելի լավ պայմաններին, վիճակը բավական դժվար է: Մենք կարող ենք մեղադրել մեկ-երկուսին մեր այսօրվա վիճակի համար, բայց դժվարություններն ամենուր են, բոլոր նախկին սոցլիգայի երկրներում: Այսօր նախկին Դեմոկրատական Գերմանիայի և Ֆեդերատիվ Գերմանիայի տարբերություններն անգամ հարթված չեն, չնայած նրանց վերամիավորումից անցել է ավելի քան քսան տարի: Արևմտյան Գերմանիան միշտ կանգնած է եղել և շարունակում է կանգնած մնալ Դեմոկրատական Գերմանիայի թիկունքին, անընդհատ նոր բաներ է կառուցում, բարեփոխումներ անում: Բայց, միևնույն է, հստակ տարբերություն է զգացվում այդ երկու հատվածների միջև: ՈՒրեմն, Հայաստա՞նն ինչի հաշվին պիտի մի օրում լավ վիճակի հասներ: Ես մտածում եմ, որ պետք է բոլորս փորձենք անել հնարավորը, որ վիճակը լավանա: Փախչելը, իհարկե, հեշտ ճանապարհ է, մանավանդ` ինձ համար, որ դրսում բավական մեծ ձեռքբերումներ ունեմ: Անգամ լուրջ դժվարություններ եմ ունենում դրսում և ներսում աշխատանքս համատեղելու առումով: Ամբողջ ապրիլ ամիսը ես, կարելի է ասել, ինքնաթիռներում եմ անցկացրել և հաշված օրեր եմ կարողացել լինել Երևանում, տեսնելու, թե ինչ է կատարվում իմ նվագախմբում: Հեշտ չէ ինքնաթիռներից, թռիչքներից, ուղևորություններից հոգնած՝ լինել նվագախմբիդ հետ, աշխատել: Բայց ի՞նչ անենք, հանձնվե՞նք: Ո՛չ: Մենք պետք է ամեն գնով առաջ գնանք, և դա մեզ հաջողվում է՝ թե՛ կատարողական, թե՛ մեր նշանակությունը հասարակության աչքում բարձրացնելու առումով:
-Ֆիլհարմոնիկի համերգներին հանրահայտ երաժիշտ կատարողներ են հրավիրվում արտերկրից` դաշնակահարներ Տրիստան Պֆաֆ, Դորա Սերվիարյան-Կյուն, Էշլի Վոս, հայ հանդիսատեսի սիրելի Հասմիկ Պապյան, նաև հայաստանցի մենակատարներն են առիթ ունենում լսելի դարձնելու իրենց ձայնը: Մասնավորապես նկատի ունեմ Բարսեղ Թումանյանին, Հովհաննես Այվազյանին, Լիպարիտ Ավետիսյանին: Արտերկրից և Հայաստանից տարբեր երաժիշտների համերգային ծրագրում ընդգրկելը, հասկանալի է, բազմազանություն է մտցնում Ձեր ծրագրերում, իսկ ինչպե՞ս են լուծվում մարդկային փոխշփման, փոխըմբռնման, հրավերների հետ կապված կազմակերպական հարցերը:
-Մեզ համար ամենադժվարը կազմակերպական մասն ապահովելն է: Մենք Հայաստանում հյուրընկալում ենք աշխարհի ամենաճանաչված երաժիշտներին: Դա անում է ոչ միայն ֆիլհարմոնիկը: Բայց մենք գիտենք դեպքեր, երբ այդ երաժիշտները, արտասահմանյան մեծ նվագախմբերը գալիս են Հայաստան և ստանում անհնարին թվացող հոնորարներ, այնպիսի բարձր հոնորարներ, ինչպիսին ստանում են դրսում, հարուստ երկրներում: Ես մտածում եմ այլ կերպ. եթե Հայաստանի ֆիլհարմոնիկի բյուջեն ընդամենը երկու անգամ է մեծ այդպիսի նվագախմբերի մեկ համերգի բյուջեից, մենք իրավունք չունենք մեզ նման շռայլություն թույլ տալու, ինչքան էլ հաճելի լինեն շփումը, համագործակցությունն այդպիսի նվագախմբերի հետ: Հասկանալի է, որ նման երաժիշտների Հայաստան գալը նաև քաղաքական նշանակություն ունի, բայց իմ քաղաքականությունն այլ է. ես ձգտում եմ 30-40 հազար եվրո հոնորարով ելույթ ունեցող երաժշտին Հայաստան հրավիրել 1000 եվրո հոնորարով: Այդ առումով շատ դժվար է կազմակերպական կողմը: Դու խոսում ես համաշխարհային մեծության այնպիսի աստղի հետ, որն այդ գումարի համար առավոտյան հարկ չի համարի անգամ քնից արթնանալ, բայց նա գալիս է հեռավոր մի երկիր, նվագում է, երգում, կապվում այս երկրի հետ: Բացի այդ, սա արդյունք է անձնական շփումների, բարեկամական հարաբերությունների: Անշուշտ, մենք դժվարությամբ ենք վճարում նաև այդ չնչին թվացող հոնորարները, որովհետև դրանց գումարվում են նաև ճանապարհի, կեցության ծախսերը, և մեր պայմաններում այդ ամենը կազմում է զգալի գումար: Այնուամենայնիվ, ելքեր գտնում ենք: Նույն Հասմիկ Պապյանը, ճիշտ է, հայուհի է, բայց համաշխարհային ամենաբարձր պահանջվածություն և նշանակություն ունեցող հայուհի է: Եվ պիտի ասել, որ ինքը շատ լավ հայուհի է: Դրանում համոզվելու համար բավական է միայն լսել, թե նա ինչպես է խոսում հայերեն: Այդուհանդերձ, Հասմիկ Պապյանի հետ դու պետք է գլխարկդ հանես, նոր խոսես: ՈՒրիշ կերպ չի լինի: Բայց ես երջանիկ եմ, որ նա մեր կողքին է, մենք այդպիսի փոխշփում, համատեղ ծրագրեր ունենք: Հասմիկ Պապյանը կարծես իմ քույրը լինի: ՈՒ ես հույս ունեմ, որ նրա կատարումները Հայաստանում վայելելու բախտը շատ կունենանք:

 

«ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՀԱՄԵՐԳՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿԱՄ ՄՅՈՒՆԽԵՆԻ 
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆԵՐՈՒՄ»
-Վերջերս ֆիլհարմոնիկը կատարեց Աննա Սեգալի` Փարաջանովին նվիրված «Կոլաժ` Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործությունը, որն ուղեկցվեց թատերական տարրերով: Նման մոտեցումը կարո՞ղ է վերածվել աշխատաոճի և, ի վերջո, ձևավորել համերգային ծրագրի նոր տեսակի գոյություն մեզանում: Ի դեպ, այդպիսի նպատակի է հետամուտ Սոնա Հովհաննիսյանը, ում հետ դուք ծավալել եք բեղուն համագործակցություն: Ինձ տված հարցազրույցում նա ասաց, որ ցանկանում է ակադեմիական լարումից ձերբազատել համերգային ծրագրերը:
-Պիտի ասեմ, որ ես Սոնա Հովհաննիսյանին շատ եմ սիրում:
-Պիտի ասեմ, նա էլ` Ձեզ: Գոնե ինձ այդ մասին ասել է:
-Իրեն և իր ղեկավարած երգչախումբը արտակարգ բարձր եմ գնահատում: Մենք, իրոք, հարազատներ ենք և լավ համագործակցություն ունենք: Բայց այսուհանդերձ, շատ տարաձայնություններ ունենք: Մենք տարբեր տեսակետներ ունենք երաժշտության վերաբերյալ: Շատ գնահատում ենք մեկս մյուսի տեսակետները, բայց և որոշ հարցերում չենք համաձայնում: ՈՒ դա շատ լավ է: Պարտադիր չէ, որ ես համամիտ լինեմ Սոնայի բոլոր մոտեցումներին: Ես, իհարկե, ակադեմիական համերգի կողմնակից եմ, չեմ մտածում, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը պետք է շոուներ սարքի, որպեսզի իր համերգներին ունկնդիր հավաքի: Մանավանդ այսօրվա իրավիճակում, երբ մեր արվեստն ուղղակի վերածվել է շոուի:
-Շոուախեղդ է եղել:
-Շոուախեղդ է եղել, և մեր ժողովուրդը կարող է տասնյակ օրերով քննարկել, թե ինչու մեր Արամ MP3-ին չտվեցին առաջին մրցանակ, այլ տվեցին ավստրիացի մի վիժվածքի: Սա այնքան ցածրամակարդակ խոսակցություն եմ համարում: Ի՞նչ է «Եվրատեսիլը». անարժեք մի բան, որ ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, երևի: Ես չգիտեմ, թե այդտեղ որոշումներն ինչպես են կայացնում, բայց արվեստի առկայությունը դրանում զրո էլ չէ, մինուս է: Եվ մենք, այդ շոուի չափանիշներով, կարող ենք դատել, որ Եվրոպան կործանվո՞ւմ է: Սրանք հիմար խոսակցություններ են: Չի կարելի դատել Ավստրիայի մասին այդ ավստրիացու նման տղաներով կամ աղջիկներով (այդպես էլ չհասկացա` տղա՞ է, թե՞ աղջիկ):
-Դուք միակը չեք այդ հարցում:
-Բոլոր երկրներում կան և եղել են այդպիսիք: ՈՒ մենք էլ եղանք այն երկիրը, որտեղ հանդիսատեսը բարձր միավոր տվեց դրան: Հետո էլ խոսում ենք Ավստրիայի, Եվրոպայի կործանման մասի՞ն: Ես վերջերս եմ եղել Ավստրիայում և ասեմ, որ պետք է տխմար լինել` մտածելու համար, թե Ավստրիան կործանվում է: Դժվար թե աշխարհի երեսին կա էլի մի այդպիսի երկիր, որն ունի նման բարձր մակարդակ, նման մշակույթ: Եթե ես իմանամ, որ Հայաստանը 300 տարի հետո կհասնի Ավստրիայի մակարդակին, դա փայլուն հեռանկար կհամարեմ: Փոխանակ մտածենք, թե ինչպես այնտեղ եղած լավը վերցնենք, ընդօրինակենք, սովորենք ու կիրառենք այնտեղի քաղաքականությունը, մտածում ենք, թե ինչպես քարկոծենք նրանց: Ես կարծում եմ, որ եթե մենք այդ մրցույթում չորրորդ տեղն ենք գրավել, ուրեմն Հայաստանը շատ հարգված երկիր է աշխարհում: Այսօր մեր վիճակը սա է: Բայց ես չեմ մտածում, որ ֆիլհարմոնիկի համերգներն էլ պիտի վերածվեն շոուի: Ընդհակառակը, մտածում եմ, որ ֆիլհարմոնիկի համերգները պետք է լինեն շատ լուրջ համերգներ, ինչպես լինում են Վիեննայի կամ Մյունխենի ֆիլհարմոնիաներում: ՈՒ մեր համերգներն էլ պիտի ունենան մեծ քանակությամբ ունկնդիր: Փոքր քանակությամբ՝ ունենք։ Մեր նպատակը լսարանը մեծացնելն է: Բայց ես պատրաստ չեմ մեծ լսարանի հետաքրքրությունը բավարարելու համար գնալու ընդդեմ Բեթհովենի և Մալերի: Աննա Սեգալի ստեղծագործությունը շատ լավն էր, ստեղծված էր Փարաջանովի թանգարանում ստացած տպավորությունների ազդեցությամբ: Ինքը Փարաջանովին ուսումնասիրել է մինչև ուղնուծուծը ու գրել իր ստեղծագործությունը: Դա մեր կողմից արվեստները խառնելու փորձ չէր: Պարզապես կան ստեղծագործություններ, որ այդ մոտեցմամբ են գրվում: Դա այդ ժանրի ստեղծագործություն էր, ոչ թե շոուի փորձ: Նույն Փարաջանովի արվեստն ամեն ինչ է, բացի շոուից: Բարձրաճաշակ, բարձրարվեստ է Փարաջանովի ստեղծագործությունը, բայց ոչ շոու:
-Ստեղծագործությունը նվիրված էր Հայաստանի ֆիլհարմոնիկին:
-Այո, և դա մեզ համար շատ հաճելի է: ՈՒ նաև հաճելի է, որ աշխարհում շատ անվանի Աննա Սեգալի ստեղծագործության կատարումը ղեկավարեց Լիոր Շամբադալի նման մեծ դիրիժորը: Սա խոսում է մեր նվագախմբի և, ինչու չէ, մեր երկրի բարձր համարումի մասին:
-Պատմեք, խնդրեմ, «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» նախագծի մասին:
-Դա միայն մեր նախագիծը չէ, պետական նախագիծ է, տարիներ շարունակ այն իրականացվում է: Բնականաբար, մենք այդ համերգներին ներկայանում ենք հատուկ ծրագրերով: Նպատակն այն է, որ երաժշտության միջոցով նույնպես ուշադրություն հրավիրենք Ցեղասպանության 100-ամյակի վրա: Ցանկացած երաժշտի պարտքն է այդ տարելիցին արձագանքելը: Ցանկացած հայ ծնվում և ապրում է` սրտում այդ ծանր բեռը: Եթե անգամ մի օր ցեղասպանությունը ճանաչում ստանա աշխարհում, և մեր հողերը մեզ վերադարձնեն, միևնույն է, մենք կշարունակենք հիշել այդ ցավը:
-Մեր գենետիկ հիշողությա՞մբ:
-Այո: Մենք ընդամենը մեր պարտքն ենք կատարում: Երաժիշտն ի՞նչ կարող է անել. նվագել՝ ի հիշատակ հայ նահատակների: Մի բան, որ մենք ևս անում ենք:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer