Archive for March, 2014

ՀՊՖՆ-ն` Պավել Կոգանի ղեկավարությամբ

March 19th, 2014
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) իր հերթական ուրբաթյան համերգին հանդես եկավ հռչակավոր ջութակահար, դիրիժոր Պավել Կոգանի (Ռուսաստան) ղեկավարությամբ: «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» խորագրի ներքո կայացած համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հետևյալ ստեղծագործությունները. Բիզե` «Առլեզիեն» սյուիտ թիվ 1, Գունո` բալետային տեսարաններ «Ֆաուստ» օպերայից, Բեթհովեն` Սիմֆոնիա թիվ 4: Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ԱՄՆ-ի Յուտա նահանգի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Պավել Կոգանը ղեկավարում է աշխարհի տարբեր երկրների նշանավոր նվագախմբերը: Նա Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի իսկական անդամ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ, Ռուսաստանի և միջազգային բազում պարգևների դափնեկիր: Երևանյան համերգի ընթացքում բարձրաճաշակ երաժշտության սիրահարները բուռն ծափահարություններով արձագանքեցին Կոգանի և ՀՊՖՆ-ի ելույթին: Թե՛ դիրիժորի, թե՛ նվագախմբի անդամների գոհունակ դեմքերից ակնհայտ էր, որ իսկապես կայացել է ստեղծագործական փոխըմբռնում հրավիրյալ դիրիժորի և նրա ղեկավարությամբ հանդես եկող երաժիշտների միջև: Բեմին բավական մոտ նստած լինելուս հանգամանքն ինձ հնարավորություն էր տալիս առավելագույնս որսալու աշխատանքային փոխշփման, բեմում գտնվող յուրաքանչյուր երաժշտի և դիրիժորի տրամադրության ու դիմախաղի նրբերանգները: ՀՊՖՆ-ն ունի հրավիրյալ աշխարհահռչակ դիրիժորների հետ համերգներով հանդես գալու հարուստ փորձ: Ասվածի լավագույն վկայությունը հունվարին նվագախմբի ունեցած համերգն էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայացած «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարի ընթացքում: Այդ համերգին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում: Համերգի առաջին բաժինը ղեկավարեց Ք. Պենդերեցկին` հայտնի մենակատարներ Ագատա Շիմզևսկայի (ջութակ) և Ռոբերտ Կաբառայի (ալտ) մասնակցությամբ: Երկրորդ բաժնում հնչեց Պենդերեցկու թիվ 2 սիմֆոնիան` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Փետրվարին ՀՊՖՆ-ն հանդես եկավ հայտնի դիրիժոր Իսրայել Յինոնի (Գերմանիա) գլխավորությամբ` կատարելով Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան: Նույն համերգի ընթացքում կայացավ գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան` ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մենակատարմամբ: Հրավիրյալ դիրիժորի հետ ևս մեկ համերգ է նախատեսված մարտի 28-ին: Լավարդ Սքու-Լարսենի (Ավստրիա) ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի թիվ 7 սիֆոնիան և Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը: ՀՊՖՆ-ի վերջին շրջանի համերգային գործունեության հաղթաթուղթը, կարծում ենք, փետրվարին կայացած Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումն էր` անկրկնելի Հասմիկ Պապյանի գլխավոր դերերգով: Հասմիկ Պապյան անունն արդեն իսկ գայթակղիչ խայծ է բարձր երաժշտարվեստի կարիքն ունեցող հանդիսատեսի համար, և «Տոսկայի» կատարման երկու երեկոներին լեփ-լեցուն դահլիճի պարագան նախ և առաջ պայմանավորված էր այդ մեծ պրոֆեսիոնալի և անսահման հմայքի տեր հայուհու անձով: Սակայն չմեղանչենք ճշմարտության առաջ և փաստենք, որ նրա կողքին հանդես եկող Հովհաննես Այվազյանը, Պերճ Քարազյանը, Պողոս Բեազբեկյանը, Հրանտ Պապյանը, Դավիթ Բաբայանցը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, Հովհաննես Ներսեսյանը, «Հովեր» կամերային երգչախումբը և, իհարկե, ՀՊՖՆ-ն` իր գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կարողացան ներդաշնակորեն համագործակցել համաշխարհային մեծության մեր աստղի հետ: Թեև Հասմիկ Պապյանի առնչությամբ «աստղ» եզրույթի կիրառությունը դառնում է շատ անարտահայտիչ, ոչինչ չասող մի բան: Նա, որ հիրավի համաշխարհային բեմերը նվաճած «պրիմա» է, կարծես թե կոչված է կոտրելու այդ հասկացության վերաբերյալ ունեցած մեր բոլոր կարծրատիպային պատկերացումները: Իր ազգասիրությամբ, հայրենապաշտությամբ, մարդկային վեհանձնությամբ ու անբռնազբոս ջերմությամբ այս երգչուհին ամեն անգամ նոր բովանդակություն է հաղորդում մատուցվող երաժշտությանը, որքան էլ այն ծանոթ ու յուրացված լինի արվեստասերների կողմից: Հասմիկ Պապյանի և ՀՊՖՆ-ի համագործակցությունը չսահմանափակվեց մեկ ստեղծագործությամբ: Նույն ամսին, ի հիշատակ մեծագույն դիրիժոր Կլաուդիո Աբադոյի, կատարվեց Վերդիի «Ռեքվիեմը»: Այդ համերգին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու նաև մեկ այլ անզուգական կատարողի` Բարսեղ Թումանյանի ելույթը: Հատկապես այս երկու համերգների հիշողությունը մեզ հույս է ներշնչում, որ ֆիլհարմոնիկը կշարունակի ինչպես արդեն սկսած, այնպես էլ ենթադրվող համագործակցությունը հանրահայտ, բարձրակարգ երաժիշտների հետ: Մի բան, որ ոչ թե պարզապես ցանկալի է, այլ անհրաժեշտ մեր հասարակության ոչ նոսր շերտերին: Առաջիկա ուրբաթ ՀՊՖՆ-ն, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարի Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործությունը: Հանդիսատեսին սպասում է հայաստանյան պրեմիերա` մենակատարներ Զանդրա Մքմաստերի (Հյուսիսային Իռլանդիա) և Լիպարիտ Ավետիսյանի (Հայաստան) մասնակցությամբ: «Երգ երկրի մասին» ստեղծագործության բանաստեղծական տեքստը ունկնդրին կներկայացվի Հակոբ Մովսեսի թարգմանությամբ: Նվագախումբը և նրա գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ նախագահին և նրա տիկնոջը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, ՀՀ մշակույթի նախարարությանը, «Յունիբանկին» «Արմավիր Վինյարդս» ընկերությանը` իրենց գործունեությանը մշտապես սատարելու համար:

 

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer