Archive for October 2nd, 2013

«Կնշեմ նաեւ ձեր Թոփչյանի անունը»

October 2nd, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ճանաչված դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը տպավորված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբով Երեւանյան 7-րդ  միջազգային երաժշտական փառատոնի հերթական հյուրը հրեա դաշնակահար Կիրիլ Գերշտեյնն է: Առաջին անգամ հայ ունկնդրին ներկայացող երիտասարդ երաժիշտը մեծ կարիերա է անում աշխարհում: Նրա հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժշտության ոլորտները: «Առավոտի» հետ զրույցում Կիրիլը նշեց, որ ծնվել է Ռուսաստանում, ապա 14 տարեկանից տեղափոխվել ԱՄՆ, սովորել է Բոստոնի, Նյու Յորքի հռչակավոր երաժշտական հաստատություններում, դասեր առել անվանի երաժիշտ Դմիտրի Բաշկիրովից եւ Ֆերենց Ռադոշից, հանդես է եկել Բոստոնի, BBC, Լոս Անջելեսի, Քլիվլենդի, Չիկագոյի, Դալասի, Օտտավայի եւ այլ հայտնի  նվագախմբերի հետ, Եվրոպայում էլ՝ Մյունխենի, Բեռլինի, Ստոկհոլմի, Ռոտերդամի եւ մյուս երաժշտական կոլեկտիվների հետ: Ու այս ամենը դաշնակահարը զուգահեռել է մենահամերգներով: Իսկ ներկայումս նա Շտուտգարդի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է: Գերշտեյնը հայտնեց, որ թեեւ առաջին անգամ է Հայաստանում, սակայն Արեւմուտքում ունի հայազգի բարեկամներ ոչ միայն երաժշտարվեստի բնագավառում: Նա հատկապես հիշատակեց մեր ժամանակների անվանի փիլիսոփա Պոլ Բոգոսյանի անունը, ասաց, որ Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթ է դարձյալ ամերիկաբնակ, ճանաչված սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի կատարումների շնորհիվ: Երաժիշտը ափսոսանքով հայտնեց, որ թեեւ մասնակցում է այս օրերին Երեւանում անցկացվող Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված փառատոնին, սակայն դեռ հայ կոմպոզիտորի դաշնամուրի կոնցերտի մեկնաբանմամբ հանդես չի եկել: Հարցին, թե բարդ չէ՞ զուգահեռ հանդես գալ եւ դասական ժանրում, եւ ջազային, մեր զրուցակիցը պատասխանեց. «Էական տարբերություն չկա, երկու ժանրերում էլ կան ընդհանուր էլեմենտներ: Մասնակցել եմ մի շարք փառատոների՝ անվանի դիրիժորների ու երաժիշտների մասնակցությամբ, սակայն ուզում եմ նշել մի փաստ. 2010-ին, երբ շահեցի Avery Fisher Career  գրանտը, ողջ գումարով  գործեր պատվիրեցի  հանրահայտ ջազմեններ Օլիվյե Կնուսսենին, Բրեդ Մելդաուին եւ Չիկ Կորեային եւ այդ երկերը հետագայում իբրեւ ջազային դաշնակահար ներկայացրի աշխարհի տարբեր մասերում: Մինչ Հայաստան ժամանելը կոլեգաներիցս լսել էի հիացական խոսքեր Երեւանում անցկացվող այս միջազգային երաժշտական փառատոնի մասին: Ուզում եմ հատկապես նշել կայանալիք համերգի ծրագիրը՝ Պրոկոֆեւ՝ «Դաշնամուրի երկրորդ կոնցերտ» եւ Բրամս՝ «Կրկնակի կոնցերտ ջութակի եւ թավջութակի համար». սա պատասխանատու ծրագիր է, սակայն հանգիստ եմ, որովհետեւ հիշյալ ստեղծագործությունները կներկայացվեն ոչ միայն իմ, այլեւ բրիտանաբնակ թավջութակահար, ձեր հայրենակից Ալեքսանդր Չաուշյանի եւ հիանալի ջութակահար Անուշ Նիկողոսյանի մեկնաբանություններով»: Հետաքրքրությանը, թե մինչ այցը Երեւան ծանո՞թ էր մեր Ֆիլհարմոնիկ նվագախմբին, դաշնակահարը նախ ասաց, որ ժամանակին երեւանյան փառատոնին մասնակից Արեւմուտքի իր կոլեգաները հիացական խոսքեր են շռայլել Հայաստանի ֆիլհարմոնիկի ու նրա գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հասցեին, հետո էլ ժպիտով հավելեց. «Կոլեգաներիս խոսքերը ստուգել եմ նաեւ YuoTube-ում տեղադրված ֆիլհարմոնիկի տեսագրություններով, հիացած էի… հիմա էլ համոզվեցի: Անվանի դիրիժորներ Թոմաս Ադեսի, Սեմյոն Բիչկովի, Էդվարդ Գարդների, Ջանկարլո Գերերոյի, Ջեյմս Գաֆիգանի եւ մյուսների կողքին  այսուհետեւ հարցազրույցներում կնշեմ նաեւ ձեր Թոփչյանի անունը»: Զրույցի վերջում էլ Կիրիլ Գերշտեյնը հավաստիացրեց, թե չի բացառում, որ հաջորդ այցին, ինչը արդեն ծրագրվում է, ներկայանա ջազային ոճում: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/10/02/391951/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer