Archive for June, 2013

Թանկարժեք երաժշտական գործիքները Հայաստանում

June 18th, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Տուբաներ՝ այս բառը շատերիս համար անծանոթ է և, եթե նշանակությունն իմանանք էլ՝ երբևէ ցանկալի ու հարազատ չի էլ դառնա:

Բայց կան մարդիկ, ում համար վագներյան տուբան շատ կարևոր ու ցանկալի գործիք է. գործիք, որ կարելի է նույնիսկ պարտքով վերցնել, և երազել սեփականն ունենալ: Իմիջիայլոց, մեկ տուբայի արժեքը 15.000 եվրո է: Վերջերս Երեւանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը վարձակալության հիմունքներով 4 տուբաներ Հայաստան է բերել Գերմանիայից:

Ներկայումս դրանցով նվագում են գալարափողահարները, հաշտված այն մտքի հետ, որ շուտով բաժանվելու են թանկարժեք գործիրքներից: Նվագախմբի պրոդյուսեր Արման Փադարյանն ասում է, որ Խորհրդային միության տարիներին վագներյան տուբաներ բերվում էին Մոսկվայից:

«Այս գործիքով նվագում են գալարափողահարները, սակայն վագներյան տուբան ավելի դժվար գործիք է, քան գալարափողը: Նվագը պետք է լինի անթերի: Բրուքների   ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, կարելի է ասել, քննության նման մի բան էր մեր երիտասարդ գալարափողահարների համար»,-պատմում է Պադարյանը հիշելով, թե որքան են տարջվել մինչև գտել են իրենց պետք եկած տուբաները. «5 ամիս տևեց փնտրտուքները, տարբեր երկրներ դիմեցինք՝ Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա, Ռուսաստան: Ի վերջո, շնորհիվ «Կուլտուր Ակտիվ» հ.կ-ի միջնորդության Դրեզդենի ֆիլհարմոնիկ և Դրեզդենի Շտացկապել նվագախմբերը 4 տուբաներ տրամադրեցին մեզ»: Տուբաները կմնան Հայաստանում մինչ հունիսի 30-ը`շոյելով բարձրաճաշակ երաժշտասերների լսողությունը:

Emporium.am-ը զրուցեց այն երաժիշտների հետ, ովքեր առաջին անգամ Հայաստանում ներկայացրեցին Վագներյան տուբան` նրա անզուգական և անկրկնելի ձայնով հանդիսատեսին ապշեցնելով:
28-ամյա իսպանացի երաժիշտ Էնրիկ Կամարասա,  7 տարեկանից  գալարափող է  նվագում և արդեն 7 ամիս է, ինչ բնակվում է Հայաստանում:  

«Վագներյան տուբան երկար պատմություն ունի` երբ Վագներն իր եռերգությունն էր գրում, նա մի այնպիսի հնչողություն էր փնտրում, որը ոչ մի գործիք չուներ: Այն գտնելու համար նա ուղևորվում է Ֆրանսիա: Այնտեղի երաժշտական խանութներից մեկում նա բոլոր երաժշտական գործիքներն է փորձում, բայց այդպես էլ չի գտնում այն ձայնը, որը հարկավոր էր իրեն: Վերջապես նա վերցնում է վալտորնը և սկսում  մոդիֆիկացիաներ կատարել,  արդյունքում ստանալով այն ձայնը, որն այդքան երկար փնտրում էր: Շատ եմ սիրում այս գործիքը, քանի որ դրա մեջ  ռուպորի և տրամբոնի հատկություններն են միաձուլված: Այս գործիքն առանձնահատուկ և յուրօրինակ ձայն ունի»:

Արայիկ Թանգյան 

«Շատ բարդ կառուցվածք ունի վագներյան տուբան: Նվագելու ընթացքում հաճախ ինտոնացիոն խնդիրներ են առաջանում, բայց, այդ ամենով հանդերձ, Վագներյան տուբան հիանալի գործիք է: Գործիքը ստեղծվել է, երբ Վագները գրում էր «Հռենոսի ոսկին» օպերան: Այդ օպերան գրվել էր տրամբոնների համար, բայց հետագայում պարզ դարձավ, որ տրամբոնները չունեն այն ձայնը, որը անհրաժեշտ էր Վագներին: Եվ այդպես նա որոշեց իր տուբան ստեղծել, այս հարցում նրան հայտնի գալարափողար Ֆրանց Շտրաուսն է օգնել: Ուրախ կլինեի, եթե տուբաները  ԵՊՖՆ-ի սեփականությունը դառնային, և մենք մշտապես կարողանայինք հանդիսատեսին  այս տուբաներով ներկայանալ, նաև կցանկանայի, որ Կոնսերվատորիայում Վագներյան տուբա դասավանդվեր, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան սովորեն նվագել այս հիասքանչ գործիքի վրա»:

Սուրեն Բաբայանը, 16 տարեկանից աշխատում է ԵՊՖՆ-ում, ներկայումս սովորում է Գերմանիայի Էսսեն քաղաքի կոնսերվատորիայում:

«Գիտելիքի պակաս զդալով, որոշեցի Հայաստանից մեկնել և  ուսումս Գերմանիայում շարունակել, հենց այնտեղ էլ առաջին անգամ լսեցի վագներյան տուբայի մասին: Ուրախ եմ, որ կարող եմ կոլեգաներիս էլ օգնել ավելի լավ ուսումնասիրել վագներյան տուբան, փորձում եմ նրանց փոխանցել այն մանր-մունր գիտելիքները տուբաների մասին, որոնց ես տիրապետում եմ»:

Արշավիր Իսահակյան 2 տարի է աշխատում  ԵՊՖՆ-ում

«Կյանքումս առաջին անգամ եմ նվագում այս գործիքով, հիացած եմ հնչեղությամբ: Առաջին համերգը լավ նվագեցինք, բայց ներկայումս էլ պարապում ենք, վստահ եմ հաջորդ համերգն էլ  ավելի լավ է անցնելու: Համեցեք»:

 

Սիրանուշ Ներսիսյան

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Դիրիժորի կախարդական փայտիկը

June 3rd, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Անգլիացի ջութակահար և դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինն ավարտել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիան, ղեկավարել բազմաթիվ նվագախմբեր ամբողջ աշխարհում։ Ուելսի արքայազն Չարլզի հրավերով նա ղեկավարել է նաև անգլիական«Ֆիլհարմոնիա» նվագախումբը արքայազնի և Քամիլայի հարսանեկան արարողության ժամանակ, ինչպես նաև Անգլիայի թագուհու ծննդյան 80-ամյակի առթիվ համերգային ծրագրով ելույթ է ունեցել Թագավորական ընտանիքի համար: Ներկայումս Ուորեն-Գրինն ամերիկյան Charlotte սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև Լոնդոնի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

Սա Ձեր երրորդ համատեղ աշխատանքն է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ: Կա արդյոք տարբերություն անցյալ տարիների և այսօրվա նվագախմբի միջև:
- Իհարկե, և այն էլ շատ մեծ։ Ամեն այցիս ընթացքում ես տեսնում եմ, թե նվագախումբն ինչպիսի աճ է ունեցել, կարծում եմ՝ դա մաեստրո Թոփչյանի աշխատանքի շնորհիվ է:

ՀՊՖՆ-ի հետ հաջողվում է արդյոք հասնել կատարողական այն արդյունքին, որին ձգտում եք: 
- Թեև ՀՊՖՆ-ը կատարողական բոլորովին այլ ավանդույթների կրող է, բայց միևնույն ժամանակ զարմանալիորեն ճկուն նվագախումբ է, նրանց հետ դյուրին և հաճելի է աշխատել:

Ինչպե՞ս կգնահատեք համագործակցությունը Անուշ Նիկողոսյանի հետ:
- Օհ, Անուշը հիանալի ջութակահարուհի է: Բրամսի ջութակի կոնցերտը նա կատարեց առաջին անգամ: Սա բավականին բարդ ստեղծագործություն է, սակայն Անուշը պատվով հաղթահարեց կատարողական դժվարությունները:

Ձեր ղեկավարությամբ հաճախ հնչում է ֆրանսիական երաժշտություն` հատկապես Դեբյուսի, սակայն երևանյան համերգի ծրագիրն ընդգրկում էր գերմանական և ռուսական երաժշտություն: Որևէ կերպ կմեկնաբանե՞ք Ձեր ընտրությունը։
- Ես սիրում եմ ռուսական երաժշտությունը, բայց պաշտում եմ նաև ֆրանսիականը, և լինում է` զուգակցում եմ դրանք, մասնավորապես Դեբյուսիին և Ստրավինսկուն. հայտնի է, որ երբ Ստրավինսկին իր «Սրբազան գարուն» բալետի պարտիտուրը ցույց է տվել Դեբյուսիին, ասելով, թե չգիտի ինչպես գրել մի դրվագ, վերջինս անվրեպ ուղղորդել է նրան: Եվ իրոք, բալետի երաժշտությունը ուշադիր ունկնդրելու դեպքում լսելի են դառնում Դեբյուսին բնորոշ գործիքավորմանառան ձայնահատկությունները: Այդուհանդերձ, ես չունեմ որև է կոնկրետ սիրելի նվագացանկ և հաճույքով եմ կատարում ցանկացած ստեղծագործություն:

Ըստ իս, յուրաքանչյուր նվագախումբ ունի իր առանձնահատկությունը: Ելույթ ունենալով աշխարհի տարբեր նվագախմբերի հետ՝ ինչպե՞ս կբնորոշեք հայկականը՝ ՀՊՖՆ-ը:
- Այսօր աշխարհում նկատվում է հետևյալ միտումը. նվագախմբերում նվագում են երաժիշտներ տարբեր երկրներից, օրինակ՝ ռուսական դպրոցի ներկայացուցիչներ կան ամերիկյան շատ նվագախմբերում, այսինքն տեղի է ունենում կատարողական ավանդույթների միահյուսում։ Այս երևույթը մի կողմից դրական է, սակայն մյուս կողմից հանգեցնում է երաժշտական հնչողության միատեսակ բնույթի, այսինքն, գրեթե վերանում են կատարողականության և մեկնաբանման՝ իրարից տարբերվող դրսևորումները: Միևնույն ժամանակ նկատել եմ, որ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը միանշանակ ռուսական դպրոցի ավանդույթների կրողն է։ Ի դեպ, պետք է նշեմ, որ նվագախմբի լարային կազմը շատ ուժեղ է:

Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից ակադեմիական երաժշտությանը և արդյոք կատարում եք այն:
- Լավ եմ վերաբերվում, կատարում եմ այն դեպքերում, երբ հավանում եմ: 40 տարի առաջ նվագում էի երիտասարդական մի նվա­գախմբում, կատարում էինք Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան, որը պարզապես նորություն էր ինձ համար: Բայց այսօր այն արդեն դասական ստեղծագործություն է: Ընդհանրապես, համերգային ծրագրի ընտրության գործում կարևորում եմ ոչ միայն նախասի­րությունները, այլև կատարման վայրը և լսարանը: Այդ իսկ պատճառով եթե հարկ է լինում նվագել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, ապա ԱՄՆ-ում  սովորաբար կատարում եմ ամերիկացի կոմպոզիտորների երկերը, իսկ Անգլիայում` անգլիացիների: Բացի այդ, կարևոր է՝ ինչ տարիքի մարդկիկ են լսելու. օրինակ, հասուն մարդիկ նախընտրում են ունկնդրել դասականներին` Հայդն, Մոցարտ կամ Բեթհովեն, միջին սերնդի և երիտասարդ հանդիսատեսը հաճույքով լսում է Շոստակովիչ, Շնիտկե, Մանսուրյան: Վերջինս պարզապես ֆանտաստիկ երաժշտություն է գրում։ Հայ կոմպոզիտորներից երկրպագում եմ նաև Արամ Խաչատրյանին:

Իսկ ո՞րն է Ձեր վերաբերմունքն առ ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակներ։
- Կոմպոզիտորական արվեստում նկատելի է հետևյալ կարծրատիպը. եթե ժամանակակից կոմպոզիտորը գրում է երաժշտություն ֆիլմի համար, ապա միանգամից պիտակվում է որպես«վատ» կամ «ոչ պրոֆեսիոնալ» կոմպոզիտոր, մեխանիկորեն նրա երաժշտության կատարումը նվագախմբերի կողմից դառնում է անհնարին: Կարծում եմ` դա սխալ է: Կրկին կհիշատակեմ Շոստակովիչին, ով հեղինակել է հանճարեղ երաժշտություն բազմաթիվ ֆիլմերի համար՝ ժամանակին բնավ չհարուցելով նմանօրինակ քննադատություն։

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer