Archive for March 18th, 2013

Իմ մասին թող պատմի հոբոյը

Karine HarutyunyanMarch 18th, 2013
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հոբոյահար Աշոտ Գալստյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի«թալիսմանն» է, ֆիլհարմոնիկի «հին»երաժիշտներից: Գալստյանը ֆիլհարմոնիկում է արդեն 27 տարի, 1994-ին նշանակվել է ՀՊՖՆ-ի հոբոյահարների խմբի կոնցերտմայստեր, 2011-ին` նվագախմբի տեսուչ: Գալստյանը, որպես երաժիշտ, իր առաջին քայլերը սկսել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես 2-րդ հոբոյահար: Երաժիշտը համարում է, որ յուրաքանչյուր մարդ իր գործիքի միջոցով իր բնավորությունն է ցույց տալիս, եւ երաժշտի մասին ավելի լավ հենց գործիքն էլ կարող է պատմել: Գալստյանը 2008-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

-Հոբոյը նվագախմբում ի՞նչն է լրացնում, երաժշտության ո՞ր «կողմն» է ապահովում:

-Ամեն գործիք ինչ-որ բան լրացնում է, իր առանձնահատուկ տեղն ունի նվագախմբում: Հոբոյը դասվում է մենակատարային գործիքների շարքը: Միայն այն հանգամանքը, որ նվագախմբի բոլոր գործիքները լարվում են հոբոյով, կարելի է հասկանալ նրա ունեցած մեծ դերի մասին:

-Ասում են` ֆիլհարմոնիկում Ձեր առաջին համերգին շատ բարդ ծրագիր եք կատարել` որպես նորեկ, հիշո՞ւմ եք:

-Այո… Նվագախմբում իմ հենց առաջին աշխատանքային օրը ինձ տվեցին առաջիկա համերգի նոտաները: Համերգին շատ լուրջ ծրագիր պետք է կատարվեր. նվագել եմ Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան եւ Բեթհովենի Դաշնամուրի 5-րդ կոնցերտը: Իրականում, այո, դա շատ լուրջ եւ բարդ ծրագիր է համարվում, հատկապես սկսնակի համար: Չնայած ինձ համար հեշտ էր այնքանով, որ դիրիժորին սովոր էի: Այդ ժամանակ ֆիլհարմոնիկի /այդ տարիներին դեռ սիմֆոնիկ էր կոչվում/ գեղարվեստական ղեկավարը Ռաֆայել Մանգասարյանն էր` Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեր ղեկավարը, ով էլ ինձ հրավիրել էր ֆիլհարմոնիկ:

-Տարիների ընթացքում ֆիլհարմոնիկից երաժիշտների հոսք է գրանցվել, որքանո՞վ է այս փաստն ազդում նվագախմբի աշխատանքների վրա:

-Չէի ասի, որ արտահոսքի պատճառով նվագախմբի որակն ընկել է, քանի որ արտահոսքի հետ մեկտեղ նաեւ ներհոսք է եղել, ինչպես նաեւ սերնդափոխություն: Սակայն, այո, եղել են երաժիշտներ, որոնք ուղղակի գնացել են իրենց կարիերան դրսում շարունակելու, ինչն իհարկե, իր ազդեցությունն ունեցել է նվագախմբի վրա:

-Յուրաքանչյուր գործիք մարդու բնավորության մեջ ինչ-որ գիծ է հաստատում, հոբոյի մասին ի՞նչ կասեք:

-Ես, առհասարակ, հակառակը կասեի` յուրաքանչյուր մարդ իր բնավորությունն է արտահայտում իր գործիքի միջոցով:

-Ժամանակին Դուք նաեւ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում եք դասավանդել. արդյոք յուրաքանչյուր երաժիշտ կարո՞ղ է իր փորձը փոխանակել գալիս սերնդին:

-Կարծում եմ` այո: Եթե դու իսկապես լավ երաժիշտ ես, քո իմացածն անպայմանորեն կարող ես փոխանցել մյուսներին: Մատուցման ձեւի հարցում էլ տարիների ընթացքում կարելի է հմտանալ:

-Երիտասարդ հոբոյահարների մասին ի՞նչ կասեք, տեսնո՞ւմ եք Ձեզ փոխարինողներ:

-Հոբոյահարների առումով շատ վատ է վիճակը: Ես, համենայն դեպս, չեմ կարող անուններ առանձնացնել: Մեր նվագախմբում այժմ մեկ հոբոյահար պակաս է: Մի քանի երիտասարդներ կան, որոնք գնացել են սովորելու, սակայն չգիտենք` հետ կգան, թե ոչ:

-Ֆիլհարմոնիկի գործիքներն, Աստված գիտի, թե վերջին անգամ երբ են հիմնովին թարմացվել: Մի՞թե գործիքների նոր լինելն այնքան էլ կարեւոր չէ լավ երաժշտություն արտաբերելու համար:

-Որ ասեմ շատ կարեւոր է` շատ քիչ կասեմ: Գործիքի նոր ու սարքին լինելուց շատ բան է կախված: Իրականում գործիքներն ավելի կարեւոր են, քան մեր նախարարությունը կամ ղեկավարությունն է պատկերացնում: Ֆիլհարմոնիկում այժմ գործիքների վիճակն ավելի լուրջ է, քան` կադրերի: 2001-ին Թոփչյանն ինձ համար մի հոբոյ է գնել, եւ մինչեւ այսօր ես այդ գործիքով եմ նվագում, բայց ամենաուշը 6-7 տարի հետո պետք է մտածել գործիքը փոխելու մասին: Ի դեպ, տարեցտարի գործիքներն ավելի լավ որակի են դառնում եւ ավելի թանկանում: Հուսանք` այս տարի ֆիլհարմոնիկի գործիքներն, իրոք, կթարմացվեն:

-Որպես ֆիլհարմոնիկի տեսուչ` ինչ կասեք` դժվար չէ՞ համախմբել նվագախումբը:

-Տեսուչի գործառույթների մեջ է մտնում նվագախմբում կարգ ու կանոնի պահպանումը: Դժվար աշխատանք է, բայց հաճելի: Դժվար է այնքանով, որ մենք` երաժիշտներս, այնքան էլ չենք սիրում կարգ ու կանոնին հետեւել:

-Հնարավո՞ր է, լինելով ընտանիքի հայր, միայն երաժշտության միջոցով «տուն պահել»:

-«Տուն պահելը» լայն հասկացություն է. եթե ոմանք սրա տակ հասկանում են ինչ-ինչ շքեղություններ իրենց թույլ տալ, ապա` այո: Դժվար է միայն երաժիշտ լինելով ընտանիք պահել, բայց տանելի է:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer