Archive for December 29th, 2012

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է 2012-ը

December 29th, 2012
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Երբ տարեսկզբին զրուցում էի մաեստրոյի հետ 2012-ի ծրագրերի և անելիքների մասին, թվում էր, թե այդքանը մեկ տարում հասցնելն անիրատեսական է: Սակայն այսօր` ուղիղ մեկ տարի անց, մենք կրկին ՀՊՖՆ-ի հյուրերն ենք, և արդեն խաղաղ ժպիտով մաեստրոն խոստովանում է.

-Տարին շատ լարված էր, լարված էր բառիս ամենադրական իմաստով, ունեինք բազմաթիվ ծրագրեր, համերգներ, խնդիրներ, որոնց մեծ մասը վստահորեն կարող եմ ասել, որ կարողացել ենք պատվով հասցնել իրենց ավարտին: Մի քանի լուրջ նախաձեռնությունների մեկնարկն արդեն տրված է. վերջապես իրականություն դարձավ լեգեոներ երաժիշտներ հրավիրելու` հեքիաթ թվացող գաղափարը: Մենք արդեն ունենք լեգեոներ երաժիշտ, դեռևս մեկը, բայց սա առաջին քայլն է, որը հուսով եմ` կդառնա հիանալի նախադեպ շատ այլ երաժիշտների համար: Հունվարից արդեն Հայաստան կժամանի նաև երկրորդ երաժիշտը: Ողջ տարի համերգները մեծավ մասամբ անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում, սա շատ ոգևորիչ է, քանի որ նշանակում է, որ ավելանում է դասական և սիմֆոնիկ երաժշտության սիրահարների թիվը մեր երկրում: Սրանից բարձր գնահատական մեր գործունեության համար չկա: Ինչպես և տարեսկզբին նշել էի, 5.5 ամիս ես անցկացրի Իսպանիայում` հրավիրյալ գլխավոր դիրիժորի կարգավիճակով: Ասեմ, որ այնտեղ էլ շատ լավ համագործակցություն և հիանալի համերգներ եղան: Սակայն նշեմ բոլոր սրտացավ մտահոգվողների և չարախոսների համար, որ իմ բացակայությունը բնավ չի ազդել ֆիլհարմոնիկի բնականոն գործունեության վրա, ինչ-որ տեղ նաև հակառակը` շատ ավելի պատասխանատվությամբ ենք աշխատել և լրացրել բացակայությանս շաբաթները: Այդ մասին է խոսում նաև մեր ելույթների որակն ու բարձր մակարդակը, որը գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում: Ֆիլհարմոնիկն ինձ համար միշտ առաջին պլանում է, նույնիսկ եղան միջազգային պայմանագրեր, որոնք ստիպված եղա խզել, քանի որ ֆիզիկապես չէի հասցնի համատեղել բոլորը: Իրականություն դարձավ նաև ակադեմիայի գաղափարը, կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են, առայժմ փակագծերը չեմ ցանկանում բացել, սակայն շուտով կունենանք հզոր հովանավոր,  ով կստանձնի ծրագրի ֆինանսական կողմի ապահովումը: Նշեմ, որ ակադեմիայում նաև կդասավանդեն լեգեոներ երաժիշտները: Էնրիկ Կամարասան արդեն երկու երեխաների հետ գալարափող նվագելու անհատական պարապմունքներ է անցկացնում, փոքրիկներից մեկն արդեն նվագում է:

-Չնայած բազում ձեռքբերումներին, ֆիլհարմոնիկն այսօր էլ ունի ֆինանսական խնդիրներ: Ֆինանսապես կայունանալու նպատակով տարեսկզբին խոսում էինք հիմնադրամ ստեղծելու մասին, որ փուլո±ւմ եք:

- Թեև ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆինանսական աջակցություն է ստանում պետությունից և ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր կողքին էր Վիվա Սել ՄՏՍ-ը, ինչն էականորեն թեթևացնում է ֆիլհարմոնիկի հոգսերը, սակայն դա բավարար չէ գոնե ցածր եվրոպական մակարդակի ֆինանսավորում ունենալու համար: Ուստի մենք որոշեցինք հետևել միջազգային փորձին, ստեղծել հիմնադրամ: Հիմնադրամն արդեն պաշտոնապես ստեղծված է, կա նաև միությունը: Հուսամ` 2013 թվականի առաջին կեսից արդեն կսկսվեն առաջին միջոցառումները, որոնք անմիջապես կուղղվեն ֆիլհարմոնիկի էլ ավելի բարգավաճմանը: Քանի որ առայժմ նախնական փուլում ենք, շատ բան ասել չեմ ցանկանում, գործնականում շատ շուտով հիմնադրամի ակտիվ գործունեության ականատեսը կլինենք: Սա շատ բան կփոխի մեր հասարակության մեջ: Մարդիկ այսօր չեն տալիս իրենց երեխաներին երաժշտական կրթության, քանի որ գիտեն, որ վաղն իրենց երեխան սոցիալապես ոչ ապահով կյանքով է ապրելու, եթե որոշի իր կյանքը կապել երաժշտության հետ: Մենք կոտրելու ենք այս մտավախությունները, Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել, համբերենք, և արժանի արդյունքը ոչ հեռու ապագայում կվայելենք: /ժպտում է/

-Դուք հրավիրյալ գլխավոր դիրիժոր եք Իսպանիայի Պրեմիում սիմֆոնիկ նվագախմբում: Դուք ցանկություն էիք հայտնել երաժշտավարության այս մշակույթը նաև Հայաստան բերելու մասին: Մենք ե±րբ կունենանք հրավիրյալ գլխավոր դիրիժոր:

-Այո°, հրավիրյալ գլխավոր դիրիժոր ունենալը ողջ աշխարհում ընդունված աշխատաոճ է: ՀՊՖՆ-ը  այլ դիրիժորների հետ աշխատելու լուրջ փորձ ունի, մենք պարբերաբար հրավիրում ենք աշխարհահռչակ դիրիժորների: ՀՊՖՀ հրավիրյալ գլխավոր դիրիժորի դերում տեսնում եմ Քրիստոֆեր Ուորրեն Գրինին, ով պարբերաբար լինում է Հայաստանում, մեր նվագախմբի հետ աշխատելու մեծ փորձ ունի: Սակայն կա մի խնդիր` դարձյալ ֆինանսական. երբ մենք նրան ճանաչենք իբրև հրավիրյալ գլխավոր դիրիժոր, առաջ է գալու վարձատրության խնդիր, որը մեծ գումարների հետ է կապված, իսկ դա առայժմ մեզ չենք կարող թույլ տալ: Կարծում եմ հեռու չէ այն օրը, երբ հիմնադրամի շնորհիվ մենք այլևս մեծ ֆինանսական խնդիրներ չենք ունենա: Մենք առաքելություն ունենք նաև հայ դիրիժորներին ներգրավելու ֆիլհարմոնիկի համերգներին, որին միշտ հավատարիմ ենք մնում:

-Ինչ ծրագրեր ունի ՀՊՖՆ-ը 2013-ի համար:

-Դարձյալ ունենալու ենք 46 համերգ` տարբեր ծրագրերով, երկու օպերային ներկայացումներ` Մասկանիի ՙԳեղջկական պատիվ՚/ՙCavalleria rusticana՚/ և Պուչինիի ՙՏոսկա՚-ն /ՙTosca՚/, մենք շեշտը դնում ենք ոչ թե դեկորացիաների, այլ կատարման վրա. մեր խնդիրը լավ երաժշտություն մատուցելն է, մենք դա կանենք: Պատրաստվում ենք հյուրախաղերի Գերմանիայում 2013-ի նոյեմբերի վերջին, առայժմ բանակցությունների փուլում ենք, տեսնենք…

-Համերգների ընթացքում մենք վայելում ենք հիանալի երաժտություն: Այդ երկժամյա համերգի ետևում շաբաթների, ամիսների քրտնաջան աշխատանք է: Աշխատանքային ի՞նչ մթնոլորտում է աշխատում ֆիլհարմոնիկի կոլեկտիվը:

-Հիանալի համերաշխ մթնոլորտ, հարազատ, միմյանց նկատմամբ սրտացավ կոլեկտիվ. սա վստահորեն կարող եմ ասել երաժիշտներից յուրաքանչյուրի անունից: Իհարկե, լինում են և՛ հեշտ, և՛ դժվար գործեր, որոնք ավելի մեծ աշխատանք և կենտրոնացում են պահանջում, սակայն եթե գործը սիրով է արվում, կարծում եմ` ամեն ինչ հաղթահարելի է (ժպտում է):

Ֆիլհարմոնիկի և ընդհանրապես, դասական երաժշտության վաղվա օրը լինելու է պայծառ, ուղին լինելու է զարգացման ու առաջընթացի:

-Մաեստրո°, ինչպե±ս եք պատկերացնում ֆիլհարմոնիկի վաղվա օրը

-Ֆիլհարմոնիկի և ընդհանրապես, դասական երաժշտության վաղվա օրը լինելու է պայծառ, ուղին լինելու է զարգացման ու առաջընթացի: Ավելի քան վստահ եմ, քանի որ այդ են վկայում մեր լեցուն ու անընդհատ համալրվող դահլիճները, այդ է վկայում հասարակության աճող հետաքրքրությունը ՀՊՖՆ և դասական երաժշտության նկատմամբ:

-Եվ վերջում, Ձեր ամանորյա բարեմաղթանքը

-Վերամբարձ խոսքեր չեմ ուզում ասել, պարզապես մաղթում եմ ամենակարևորը` առողջություն, համերաշխություն, անդադար լավ երաժշտություն: Թող գալիք տարին ավելի լավը լինի, քան նախորդը, թող միշտ խաղաղ լինի մեր երկրում, գալիք տարում նախագահական ընտրություններ են սպասվում, թող ամեն ինչ անցնի հարթ ու ի նպաստ մեր երկրի: Շնորհավոր գալիք 2013 թվական:

Հարցազրույցը վարեց Թեհմինա Արզումանյանը

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer