Archive by Author

Էդուարդ Թոփչյանը` առաջիկա ծրագրերի մասին և ոչ միայն…

February 6th, 2017
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Համաշխարհային դասական երաժշտության պատմությունից հայտնի են այնպիսի կոմպոզիտորների անուններ, որոնք ստեղծագործել են մի ժամանակահատվածում, երբ շատերը կասկածի տակ էին առնում սիմֆոնիկ ժանրի հեռանկարը: Ավելին՝ որոշ հեղինակների սիմֆոնիաները տասնամյակներ շարունակ սպասում էին իրենց առաջին կատարմանը: Նման կոմպոզիտորներից էր ավստրիացի Անտոն Բրուքները (19-րդ դ.), որի 4-րդ Ռոմանտիկական սիմֆոնիան հունվարի 31-ին հնչեց Էդուարդ Թոփչյանի մեկնաբանմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, իսկ պրեմիերան կայացել է 1874թ.: Այնպես որ, երբ վերջին տարիներին աշխարհում շրջանառվում է այն միտքը, թե շոուները «խեղդել» են դասական արվեստը, գուցե բնորոշ է ոչ միայն մեր ժամանակներին: Հենց վերջին տարիներին հետեւելով հայաստանյան մշակութային կյանքին` «խեղդելը» կարող ենք պարզապես բացառել, քանի որ կոնկրետ դասական երաժշտարվեստը ոչ միայն իր մշտական լսարանն ու տեղն ունի մեզանում, այլեւ միաժամանակ անցկացվում են փառատոներ, ու հաճախ այնքան խիտ է դրանց ժամանակացույցը, որ հանդիսատեսը մեծ ընտրության առջեւ է կանգնում:

Անդրադառնալով հունվարի 31-ին կայացած համերգին` տեղեկացնենք, որ այդ երեկո դարձյալ Թոփչյանի ղեկավարությամբ, հնչեց նաեւ Բեթհովենի 2-րդ սիմֆոնիան: Երկու սիմֆոնիաները նախկինում լսել ենք Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավարի մեկնաբանմամբ: Երբ համերգի ավարտին հանդիսատեսը, այդ թվում՝ պրոֆեսիոնալները, դուրս էին գալիս համերգասրահից, լսեցինք մեկ-երկու կարծիք: Օրինակ՝ «Թոփչյանի մեկնաբանմամբ տարբեր են նույն ստեղծագործության երկրորդ կամ նույնիսկ հազարերորդ մատուցումը…»: Այստեղ հիշեցինք դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի՝ մեզ հայտնած միտքը, թե միայն տաղանդավոր երաժշտին է տրված նույն ստեղծագործությունը ամեն անգամ նորովի մատուցել:

«Առավոտը» զրուցեց Էդուարդ Թոփչյանի հետ: Դիտարկմանը՝ ամանորյա տոներից հետո, փաստորեն, 2016-17թթ. համերգաշրջանի շարունակությունը ոչ թե այս երեկոն էր, այլ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հունվարի 25-ին կայացած համերգը, որին մասնակցում էր շուրջ 30 երգիչ, այդ թվում՝ հրավիրյալներ, դիրիժորը պատասխանեց. «Ես ու երաժիշտներս սիրով ենք համագործակցել երգիչների հետ, չէ՞ որ Բաբաջանյանը դասական կոմպոզիտոր է ու նրա երգերը դասականի ու էստրադային ժանրի հաճելի խառնուրդ են: Զարմանում ես, թե որտեղից է «վերցրել» մեծ կոմպոզիտորն այդ մեղեդիներն ու երգերի տեքստերը…»:

Մեր զրուցակցին խնդրեցինք մանրամասներ հայտնել Հայաստանում առաջին անգամ համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու մասին, քանի որ այն ստեղծվելու է ֆիլհարմոնիկ նվագախմբի բազայի վրա. «Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկն էր դա, որը ցանկություն հայտնեց համահայկական նվագախմբի կազմակերպչական մասը ղեկավարի մեր նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Կարելի է պատկերացնել, թե դա ինչ աշխատատար գործ է… Համահայկականը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Կարեն Դուրգարյանը, ես եւ մեր հայրենակից, այսօր իսկապես համաշխարհային դեմք, ֆրանսաբնակ Ալան Ալթինօղլուն: Մեր հանդիսատեսը ծանոթ է Ալանին, որը ֆիլհարմոնիկը ղեկավարել է շուրջ մեկուկես տարի: Նշեմ նաեւ, որ այս դիրիժորի թեկնածությունը ես եմ առաջարկել նախարարի մոտ կայացած քննարկման ժամանակ: Ի դեպ, համահայկականի առաջին ելույթը կկայանա ապրիլի 23-ին, ծրագրում, բնականաբար, հայ կոմպոզիտորների գործեր. ներկայումս էլ նվագախմբի համար հատուկ երկ է գրում Տիգրան Մանսուրյանը: Առայժմ այսքանը»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ասում են, թե Թոփչյանը վերջապես բարիդրացիական հարաբերություններ է հաստատել մշակույթի ա՛յս նախարարի հետ եւ ողջունում է նրա առաջին քայլերը, մեր զրուցակիցը հաստատեց ասվածը ու ընդամենը հավելեց. «Ամիրյանը լավ գիտե, թե ինչ է անում, ժամանակը ցույց կտա, ես վստահ եմ»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե ընթացիկ համերգաշրջանի սկիզբը, որն ազդարարվել է սեպտեմբերին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Երեւանյան միջազգային 10-րդ փառատոնով, եւ որի շրջանակներում Հայաստան են այցելել ճանաչված երաժիշտներ, կշարունակվի նաեւ մինչեւ համերգաշրջանի ավարտը. «Առաջիկա համերգներին հրավիրված են դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը եւ դիրիժոր Դանիել Ռայսկին Ռուսաստանից, իտալացի դիրիժոր Պիեռ Կառլո Օրիցիոն, Ֆրանսիայից դիրիժոր Հայկ Դավթյանը, դաշնակահար Ինեկե Հելինգմանը եւ այլն:

Հիշեցնեմ, որ ֆիլհարմոնիկը իրականացնում է միջազգային ծրագրեր եւս, օրինակ՝ 2016թ. տեղի ունեցան համերգներ՝ նվիրված հայ-ճապոնական, հայ-արգենտինյան համագործակցությանը կամ մեկ երեկո նվիրեցինք Եվրոպայի օրվան, մասնակցեցինք Հայաստանում Ռուսաստանի օրերի բացման արարողությանը… Անցկացրել ենք հատուկ փառատոնային համերգ՝ նվիրված հայ ժամանակակից երաժշտությանն ու ֆիլհարմոնիկի հիմնադրման 90-ամյակին: Ունեցել ենք մի քանի պրեմիերաներ, այդ թվում՝ համաշխարհային… Հատուկ պետք է նշեմ «Զինվորիս հետ» նախագծի շրջանակներում բարեգործական համերգը: Բոլորը չես թվարկի»: Օպերասեր դիրիժորից հետաքրքրվեցինք, թե այս տարի ինչ օպերա է որոշել բեմ բարձրացնել: Էդուարդ Թոփչյանը պատասխանեց. «Դա Վերդիի «Բոկանեգրան» է, որը տարիներ առաջ ներկայացրել ենք համերգային կատարմամբ: Այժմ ցանկություն ունեմ այն իրականացնել բեմադրության տեսքով, համագործակցելով մեր Ազգային օպերային թատրոնի հետ: Միայն այս պահին կարող եմ ասել, որ նախնական պայմանավորվածություն ունեմ իտալացի երգիչ Ջանպիերո Ռուջերիի, մեր հիանալի տենոր Լիպարիտ Ավետիսյանի եւ գերմանաբնակ Հրաչուհի Բազենցի հետ»: Նվագախմբին սպասվելիք հյուրախաղերի առիթով Թոփչյանն ասաց, որ նախորդ տարիների օրինակով դրանք այս տարի էլ իհարկե կլինեն, Մշակույթի նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Ֆիլհարմոնիկի «Ռիգոլետոն»՝ ռեժիսորի պատրաստած խամաճիկներով

November 18th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Սուքիաս Թորոսյանի ռեժիսուրայով կրկին անդրադարձավ Վերդիի «Ռիգոլետո» օպերային, այս անգամ՝ համերգային թատերականացված ներկայացմամբ: Հիշեցնենք, որ 2009թ. այս օպերան ներկայացվել է Ազգային օպերային թատրոնում: Համերգային թատերականացված ներկայացմանը մասնակցեցին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Հերցոգ), սոպրանո Հասմիկ Թորոսյանը (Ջիլդա), բաս Սուրեն Շահիջանյանը (Սպարաֆուչիլե), մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը (Մադալենա), մեցցո սոպրանո Մարիամ Ալոյանը (Ջովաննա), բաս Ռիչարդ Մադլենյանը (Մոնտերոն), բարիտոն Գագիկ Վարդանյանը (Մարուլլո), բաս Պողոս Բիազբեկյանը (Չեպրանո), սոպրանո Սիլվա Պետրոսյանը (Կոմսուհի): Ռիգոլետտոյի դերերգով առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին: Իտալացի երգչին, որը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե չի հիշում որերորդ անգամ է հանդես գալիս Ռիգոլետոյի դերերգով, ներկայացնելու հարկ չկա, թեկուզ հենց այն պատճառով, որ նա իտալացի է ու կատարում է համերկրացու ստեղծագործությունը: Ընդ որում, օպերային թատրոնի մեներգիչներին էլ, որոնք հրավիրված էին այլ դերերգերի կատարման համար, նույնպես չենք ներկայացնի, նրանք քաջածանոթ են մեր հանդիսատեսին: Վերջինս հիանալի է ճանաչում նաեւ ֆրանսաբնակ Սուրեն Շահիջանյանին: Իսկ համերգային թատերականացված ներկայացման մասին համառոտ խոսելն անհրաժեշտ է: Ռիգոլետո՝ Ջանպիերո Ռուջերի:   Լիպարիտ Ավետիսյանը՝ Հերցոգ եւ Հասմիկ Թորոսյանը՝ Ջիլդա: Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը, որը ֆիլհարմոնիկի հետ ժամանակին իրականացրել է համաշխարհային օպերային գրականության այլ գանձերից նույնպես, այս անգամ յուրատեսակ լուծում էր գտել: Ներկայացման հերոսները ներկայանում էին իրենց կերպարը բնութագրող խամաճիկներով, որոնք, պարզվեց, հենց ռեժիսորի ստեղծածն են: Մեկ կարեւոր հանգամանք եւս. ողջ ներկայացման ընթացքը միաժամանակ ցուցադրվում էր էկրանին: Ինչու ենք սա կարեւորում: Որովհետեւ ամֆիթատրոնում, աջ ու ձախ օթյակներում եւ թատերահարթակում գտնվող հանդիսատեսը էկրանի միջոցով հետևում էր նաեւ ցանկացած մանրուքի՝ սկսած հենց մեներգիչների դիմախաղից: Իր նվագախմբով շուրջ 15 տարի եւ ուղիղ 15 տարբեր օպերաներ ղեկավարած դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, բնականաբար, իր տարերքի մեջ էր: Նա «ընկել» էր դրամատիզմով, վառ կոնտրաստներով եւ հոգեբանական խոր ապրումներով Վերդիի երաժշտության գիրկը: Օպերասեր դիրիժորին հարց ուղղեցինք՝ արտասահմանում ի՞նչ օպերաներ է ղեկավարել: «Շատ…«Դոն Ժուան», «Պիկովայա Դամա», «Կախարդական սրինգը», «Տուրանդոտ», «Տոսկա» եւ այլն»,-նշեց դիրիժորը: Հավելեց նաեւ, թե այժմ բարիդրացիական- ստեղծագործական հիանալի հարաբերություններ է հաստատել օպերային թատրոնի տնօրենի եւ մշակույթի նորանշանակ նախարարի հետ, ինչից կարելի է ակնկալել, որ այսուհետ ֆիլհարմոնիկի օպերային նախագծերը կբեմադրվեն թատրոնում: Իսկ Ազգային օպերային թատրոնում «Ռիգոլետոն» առաջին անգամ բեմադրվել է 1937թ., բեմադրող դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմադրող ռեժիսոր՝ Ի. Վոլչեկ: Վերդիի 28 օպերաներից մեր թատրոնի գործունեության ընթացքում բեմադրվել է 7-ը: Այսօր խաղացանկում են «Աիդան», «Տրուբադուրը», «Տրավիատան»: Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեներգիչների հետ: 2013թ., երբ աշխարհը նշում էր Վերդիի ծննդյան 200-ամյակը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի պրոֆեսոր, երջանկահիշատակ Ռաֆայել Հակոբյանցը գործընկերների եւ ուսանողների ուժերով անցկացրեց «Վերդիանա» փառատոն, որի ընթացքում հնչեցին մեներգեր, դուետներ Վերդիի՝ ոչ միայն մեզ հայտնի օպերաներից, այլեւ այնպիսի գործերից, որոնք աշխարհում էլ քիչ են բեմադրվում, այդ թվում՝ «Էռնանի», «Լուիզա Միլեր», «Ֆալստաֆ»: Ընդ որում, Ռ. Հակոբյանցի մտահղացմամբ մեր օպերային թատրոնում 1988թ.՝ Վերդիի ծննդյան 175-ամյակի առիթով ներկայացվել էր «Վերդիանա» թատերականացված գալա համերգը, ներառված կոմպոզիտորի 14 օպերաներից:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Նրանց մեծ մասը մայրաքաղաքում առաջին անգամ ներկա կգտնվի դասական երաժշտության համերգի

June 14th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հունիսի 4-ին կայանալիք համերգը՝ նվիրված Եվրոպայի օրվան, երաժիշտների շրջանում ոգեւորություն է առաջացրել՝ դրական եւ բացասական առումներով: Այդ համերգին իբրեւ հանդիսատես ներկա կլինեն հայաստանյան մարզերի երաժշտական ուսումնական հաստատությունների սաները: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում արվեստագետներն առաջին հերթին միանշանակ ողջունելով այդ գաղափարը, միեւնույն ժամանակ փաստում էին, մայրաքաղաքային առատ մշակութային կյանքին հակառակ՝ մարզերում դասական արվեստի, չասենք իսպառ, բայց գոնե ոչ բավարար ներկայությունը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մշակույթի նախարարությունը իրականացնում է մարզային ծրագիր: Որոշ երաժիշտներ էլ իրենց նախաձեռնությամբ, օրինակ՝ Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի արտիստները, ժամանակ առ ժամանակ ոչ միայն համերգներով հանդես են գալիս մարզերում, այլեւ վարպետության դասեր անցկացնում երաժշտական դպրոցներում:

Մեզ հետ զրույցում ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգը իրենց եւ Հայաստանում եվրոպական միության պատվիրակության (ղեկավար, դեսպան՝ նորին գերազանցություն Պյոտր Անտոնի Սվիտալսկի) երկկողմ համաձայնության արդյունք է: «Եվրոպական միության պատվիրակության հետ սա մեր առաջին համագործակցությունը չէ: Բանակցությունների արդյունքում ընտրեցինք այս ձեւաչափը: Մարզային երաժշտական դպրոցների սաներն այդ օրը համերգին ներկա են գտնվելու իբրեւ հանդիսատես: Եվ նրանցից շատերը մայրաքաղաքում ներկա չեն գտնվել դասական երաժշտության երեկոների: Իսկ միգուցե «Խաչատրյան» համերգասրահի գտնվելու վայրն էլ չգիտեն, հավանաբար մեծանուն կոմպոզիտորի արձանն էլ չեն տեսել… Կազմակերպչական աշխատանքները սկսել ենք վաղուց՝ համագործակցելով մարզպետարանների եւ քաղաքապետարանների մշակույթի վարչությունների հետ: Դեռեւս չկայացած համերգի առիթով մի փաստ եմ ուզում արձանագրել. ոգեւորությունն աննկարագրելի մեծ է, երաժշտական դպրոցների մանկավարժների եւ սաների արձագանքը նույնպես»,- հայտնեց տիկին Սիրունյանը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ամրագրված են 1999թ. ԵՄ-Հայաստան գործընկերության եւ համագործակցության համաձայնագրում, որը թույլ է տալիս իրականացնել լայնածավալ աշխատանք ոչ միայն քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրության, այլեւ մշակույթի ոլորտներում:

Անդրադառնալով Եվրոպայի օրվան նվիրված համերգին, Ռուզան Սիրունյանը տեղեկացրեց, որ երեկոյին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իբրեւ մենակատարներ հանդես կգան դահլիճում ներկա հանդիսատեսի հասակակիցները՝ երեւանյան երաժշտական դպրոցների 3 սաներ, որոնք ոչ միայն հայաստանյան տարբեր մրցույթների դափնեկիրներ են, այլեւ հաջողությունների են հասել միջազգային տարբեր միջոցառումներին: «Օրինակ, ջութակահարուհիներ Սոֆյա Վարդանյանը եւ Դիանա Ադամյանը սովորում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Սոֆյան՝ Արտաշես Մկրտչյանի, Դիանան՝ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի ղեկավարությամբ: Սոֆյան անցյալ տարի Երեւանյան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել Բրամսի Սեքստետի կատարմամբ՝ համագործակցելով մեր հայրենակիցներ, անվանի երաժիշտներ Իդա Կավաֆյանի եւ Լեւոն Չիլինկիրյանի հետ: Այս տարվա մայիսին էլ մասնակցել է Գերմանիայում պրոֆեսոր Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերի դասընթացներին եւ հանդես եկել եզրափակիչ համերգին: Իսկ Դիանան անցյալ տարի ելույթ է ունեցել Լոնդոնի թագավորական նվագախմբի հետ՝ Ցուկերմանի ղեկավարությամբ: Համերգի մյուս մենակատարը դաշնակահար Հարություն Մելիքյանն է, որը սովորում է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Իսկ 2015թ. Իսպանիայում կայացած պատանի դաշնակահարների միջազգային մրցույթում էլ արժանացել է 2-րդ մրցանակի: Մենակատար երեք երաժիշտները քանիցս մասնակցել են անվանի արվեստագետների կողմից անցկացվող վարպետության դասերին, հանրապետական եւ միջազգային մրցույթների ու փառատոների»,- մանրամասնեց տիկին Սիրունյանը: Հավելեց նաեւ, իր ձեւակերպմամբ՝ «մեր փոքրիկ հանդիսատեսները կվայելեն համաշխարհային երաժշտական գանձարանից Բախի, Մոցարտի, Մենդելսոնի, Շոպենի, Սմետանայի ստեղծագործությունները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Ֆիլհարմոնիկը՝ Արցախի համար

April 8th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Ֆիլհարմոնիկը՝ Արցախի համար «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) ապրիլի 9-ին Կասկադ համալիրում նախաձեռնում է բացօթյա համերգ եւ դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով՝ հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորների, հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի, հանուն Մենք-ի»,- «Առավոտին» տեղեկացրեց նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը: Հավելեց նաեւ, թե շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը, երգիչ-երգահան Վահան Արծրունին եւ Արա Գեւորգյանի ժողովրդական գործիքների խումբը: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, հայրենասիրական երգեր եւ Արա Գեւորգյանի հայտնի մշակումները: Ոգեշնչող խոսքով էլ հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ: Այս գաղափարը ողջունել են Երեւանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը:

Հետաքրքրությանը, թե այս օրերին Արցախ մեկնած որոշ արվեստագետների եւ շոու-բիզնեսի արտիստների օրինակով հնարավոր չէ՞ր քանիցս Արցախում համերգներ ունեցած ֆիլհարմոնիկն էլ մեկներ եւ տեղում «դասական» ոգեւորություն փոխանցեր, տիկին Սիրունյանը հավաստիացրեց. «Պատերազմական գործողությունների սկսվելուն պես այդ ցանկությունը կար թե նվագախմբի երաժիշտների եւ թե գեղարվեստական ղեկավարի մոտ: Իսկապես ուզում էինք մեր արվեստով կանգնել զինվորի կողքին ու ոգեւորել մեր զավակներին: Սակայն դա կիրականացնենք ավելի ուշ: Մենք մեր զինվորի կողքին ենք գիշեր ու ցերեկ: Յուրաքանչյուր լուր լսելիս էլ խառնվում են արցունքներն ու հպարտության զգացումը… Կասկած անգամ չունեմ, որ մեզ ու աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին ձգում է Արցախը: Հասկանալի պատճառով՝ բոլորս չենք կարող մեկնել… Եվ այս պահին ֆիլհարմոնիկի տեղն այստեղ է»:

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/5 (0 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

«Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել CD» – Հասմիկ Պապյան

April 2nd, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Նման գնահատանքի արժանացրեց Պուչինիի հանրահայտ ստեղծագործության երեւանյան կատարումը օպերային դիվա Հասմիկ Պապյանը Շուրջ 15 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ)՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ներկայանում է նաեւ համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների (շուրջ 15) համերգային եւ թատերականացված կատարումներով:

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀԱՖՆ-ն հանդես եկավ հերթական՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված մատուցմամբ, որն իրականացրել է ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը: Վերջինիս մասնակցությամբ ՀԱՖՆ-ն նախկինում մատուցել է Լեոնկավալոյի «Պայացներ», Վերդիի «Ռիգոլետո», Պուչինիի «Տոսկա» եւ «Մադամ Բաթերֆլայ» օպերաները: Տեսարաններ «Բոհեմից»: «Բոհեմում» դերերգերով հանդես եկան սոպրանոներ Իրինա Զաքյանը (Միմի), Ֆրանսիայից Լուսինե Լեւոնին (Մյուզետ), տենոր Տիգրան Օհանյանը (Ռուդոլֆ), բարիտոն Դավիթ Բաբայանցը (Մարսել), Գերմանիայից բարիտոն Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բուլղարիայից բաս Պլամեն Կումպիկովը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (Բենուա), բաս Հովհաննես Ներսիսյանը (Ալսինդոր), մասնակցությամբ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային եւ Կարինե Առաքելյանի ղեկավարած Ձայնի պահպանման վոկալ- երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի:

Լուսանկարում՝ Սուքիաս Թորոսյանը, Հասմիկ Պապյանը եւ Ռուզաննա Սիրունյանը: Հայաստանցի եւ հրավիրյալ հայ երգիչները հանդիսատեսին ծանոթ էին, բացառությամբ՝ Պլամեն Կումպիկովի: Նա մինչ բեմելը «Առավոտին» նախ հայտնեց, թե իր հայրենիքում եւ արտասահմանյան թատրոններում «Բոհեմ» ներկայացման մեջ հանդես է եկել շուրջ 60 անգամ, հետո էլ առանց մանրամասնելու հավաստիացրեց, որ սա իր առաջին համերգային այցը չի լինի մեր երկիր: Գուցե հանդիսատեսին ծանոթ չէր միայն Տիգրան Օհանյանի անունը, որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող է, սովորել է նախ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի, ապա ուսումը շարունակում է պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այս տարվանից էլ ընդգրկված է Ազգային օպերային թատրոնի Երիտասարդ օպերային երգիչների ծրագրում:

Մասնագիտական խոսքը թողնելով երաժշտագետներին, միայն փաստենք, որ օպերայի վերջում հանդիսատեսի կողմից, որի շարքում կային ճանաչված շատ անուններ, երկար ժամանակ չէին դադարում բրավոները: Մենք միայն ավստրիաբնակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանից կարծիք խնդրեցինք, որն այս օրերին հրավիրված էր Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար ժյուրիի աշխատանքներին: Հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուրը հայտնեց միայն հետեւյալը, ինչը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել CD»:

Տեղեկացնենք, որ Պուչինիի «Բոհեմ» օպերան Երեւանի թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1936թ., բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանի եւ ռեժիսոր Լեւոն Քալանթարի կողմից: Գլխավոր՝ Միմիի եւ Ռուդոլֆի դերերգերով հանդես են եկել Հայկանուշ Դանիելյանը եւ Արսեն Ավագյանը: Երկրորդ անգամ հիշյալ օպերան 1945թ. բեմադրել են դիրիժոր Միքայել Մալունցյանն ու ռեժիսոր Գոհարինե Մելքումյանը: Գլխավոր դերերգերն էլ կատարել են Ելենա Ֆանարջյանն ու Գալուստ Գաբրիելյանը: Վերջին անգամ «Բոհեմը» Երեւանում ներկայացվել է 1985թ., Նորայր Սարգսյանի ռեժիսուրայով եւ Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, իսկ գլխավոր դերերգերի իրենց մեկնաբանությունն են բերել Հասմիկ Պապյանը եւ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ 

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Վաստակած 90 տարի

March 22nd, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Այս տարվա մարտի 4-ից մեկնարկել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգաշարը Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 19-ին կկայանա գալա համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հոբելյանին: Այս մասին «Առավոտին» հայտնեց նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը: ՀԱՖՆ-ն հիմնադրվել է 90 տարի առաջ՝ երաժշտագետ, դիրիժոր Արշակ Ադամյանի եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից: Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ալ. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Վ. Պապյանը, Լ. Ճգնավորյանը: 2000 թվականից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Հիմնադրման օրվանից մինչ օրս կոլեկտիվը կատարել է սիմֆոնիկ երաժշտության գրեթե ողջ դասական երկացանկը, հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ հանդես եկել համաշխարհային օպերային գրականության հայտնի նմուշների համերգային կատարումներով, բեմականացումներով եւ բեմադրություններով: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել իսկապես համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ, այդ թվում՝ Դ. Օյստրախը, Ս. Ռիխտերը, Մ. Ռոստրոպովիչը, Է. Գիլելսը, Ս. Իսերլիսը, Մ. Մայսկին, Ս. Նակարյակովը, Բ. Բերեգովսկին, Ն. Գուտմանը, Ջ. Ջակոմինին, Ի. Ֆաուստը, Ջ. Ֆիշերը, Պ. Ցուկերմանը, Գ. Կրեմերը, Յ. Բաշմետը, Պ. Դոմինգոն, Կ. Գերշտեյնը: Հաճախ նվագախումբը հյուրընկալել է ճանաչված մեր հայրենակիցներին՝ Սերգեյ Խաչատրյանին, Քիմ Քաշքաշյանին, Սերգեյ Բաբայանին, Իզաբել Բայրաքդարյանին, Նարեկ Հախնազարյանին եւ այլ հայտնիների: Նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ են կանգնել լեգենդար դիրիժորներ Ալեքսանդր Մելիք-Փաշաեւը, Վիլլի Ֆեռերոն, Կառլո Ցեկկին, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիեւը, եւ այլք: Արաքս եւ Տիգրան Մանսուրյանները, Իրինա Զաքյանը եւ Ռուզաննա Սիրունյանը (աջից): 1989թ. սկսվել են ՀԱՖՆ-ի համերգային շրջագայությունները՝ ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան, Իսպանիա, Պորտուգալիա, Անգլիա, Հունաստան, Իրան, Կիպրոս, Թուրքիա, ԱՄԷ, Ճապոնիա, Ռուսաստան եւ այլն: Վերջին շրջանում նվագախումբը հանդես է եկել 15 համերգներով Ճապոնիայում, Սլովակիայում, Գերմանիայում, մասնակցել Իտալիայի Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո եւ Ռավելլո քաղաքներում ավանդաբար անցկացվող 4 փառատոներում: 2015-ին կայացան նվագախմբի հյուրախաղերը Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Սկանդինավյան երկրներում եւ ԱՄՆ-ում: «Առավոտի» հետ զրույցում Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ ընթացիկ համերգաշրջանում Է. Թոփչյանի ղեկավարությամբ նախատեսված են համերգներ՝ Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում եւ Չինաստանում: 2015թ. Ֆիլհարմոնիկը 9-րդ անգամ անցկացրեց Երեւանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որտեղ հրավիրված էին ինչպես ճանաչված, այնպես էլ լեգենդար երաժիշտներ, որն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանո ներքո: Ռուզաննա Սիրունյանը նաեւ հավելեց, որ Ֆիլհարմոնիկի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները սկսվել են այս տարվա մարտի 4-ից, անցկացվել է համերգ՝ նվիրված Ալեքսանդր Թամանյանին, երեկո՝ ի պատիվ ՀԱՖՆ-ի գործընկեր հովանավորներ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի, ՀԲԸՄ-ի, «Արարատ» կոնյակի գործարանի: Օրերս էլ Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի ցուցահանդեսը եւ շնորհանդեսը՝ նվիրված Ֆիլհարմոնիկի վետերաններին: «Ծրագրված է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացնել գիտաժողով՝ նվիրված Ֆիլհարմոնիկի երախտավորներին, որտեղ ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ՀՀ կոմպոզիտորների միության եւ Երեւանի կոնսերվատորիայի ճանաչված մասնագետները, այցելություն Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորների շիրիմներին, իսկ ապրիլի 19-ին կբացվի Արշակ Ադամյանի հուշաքարը: Մարտի 29, 31-ին հրավիրում ենք Պուչինիի «Բոհեմ» օպերայի (ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան) բեմականացված տարբերակի դիտմանը, այնուհետեւ մեկ երեկո կտրամադրենք միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, իսկ հետո գերմանացի դաշնակահար Կատարինա Թրոյթլերը իր ելույթով կշնորհավորի Ֆիլհարմոնիկի հոբելյանը, եւ այլն: Ապրիլի 13-ին կկայանա «ՀԱՖՆ 90» ֆիլմի (ռեժիսոր՝ Ավագ Ավագյան) պրեմիերան: Մինչ հոբելյանական գալա համերգը՝ առաջին անգամ Ֆիլհարմոնիկի մատուցմամբ կհնչեն Բրամսի չորս սիմֆոնիաները… անակնկալները իսկապես շատ են, բոլորը թվարկել հնարավոր չէ»,- ասաց տիկին Սիրունյանը:

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը Երևանում է

February 25th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հրավերով երրորդ անգամ Երեւան է ժամանել հրեա ճանաչված արվեստագետ, Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը: Նախորդ երկու այցերի ժամանակ մաեստրոն առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացրեց հրեա կոմպոզիտոր Աննա Սիգալին: Ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ հնչեցին կոմպոզիտորի «Հոգու երգերը»՝ ըստ Սայաթ-Նովայի եւ «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի եւ ասմունքողի համար: Վերջին երկը դիրիժորն ու կոմպոզիտորը նվիրել էին Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Այդ երեկո, որը կայացավ 2014 թ. ապրիլի 24-ին, մաեստրո Շամբադալը, Հայոց եղեռնի 99-ամյա տարելիցի առիթով, հայերենով խոսք ուղղեց հանդիսատեսին: Արդյունքում տարածվեց կարծիք, թե հրեա արվեստագետը հավանաբար հայկական արմատներ ունի: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դիրիժորը հերքեց իր հայկական արմատների մասին խոսակցությունները, նշեց, որ հատուկ պարապել էր խոսքը հայերեն ճիշտ հնչողությամբ արտաբերելու համար: Նա հավելեց, որ իր եւ տարբեր նվագախմբերի հետ մինչ օրս ներկայացրել է Խաչատրյանի ստեղծագործությունները: Ինչ վերաբերում է իր հայրենակցուհու երկերին՝ նվիրված Սայաթ-Նովային եւ Փարաջանովին, հավաստիացրեց, որ առաջիկայում դրանք կհնչեն Բեռլին սիմֆոնիկի կատարմամբ: Դիտարկմանը՝ Շամբադալ երաժիշտը ստեղծագործական ուղու սկզբում հայտ է ներկայացրել իբրեւ կոմպոզիտոր, ապա դադարեցրել, մեր զրուցակիցը հայտնեց. «Տարիներ առաջ դադարեցրել եմ կոմպոզիտորական գործունեությունս: Դա 1980 թվականն էր, երբ 30 տարեկան էի, եւ կյանքից հեռացավ հայրս, որն իմ միակ ոգեշնչողն էր: Հետո ներսս դատարկություն էր… Դա տեւեց շա՜տ երկար: Վերջերս, ավելի ճիշտ՝ երեք տարի առաջ Իսրայելի մշակույթի նախարարությունից կամերային ստեղծագործության պատվեր ստացա՝ մեծ հոնորարով: Այդ ժամանակահատվածում մտածեցի՝ Վերդիի, Ռոսինիի օրինակով, որոնք տարիներով դադարեցրել են ստեղծագործական պրոցեսը, հետո լծվել աշխատանքի, գուցե ինձ է՞լ էր նման ճակատագիր սպասվում: Պարզվեց՝ ոչ: Այստեղ մեղավորը միայն ժամանակն էր: Բեռլին ֆիլհարմոնիկի դիրիժոր լինելուց բացի, ես համերգներ եմ ղեկավարում մայրցամաքներում, իրականացնում այլ նախագծեր, օպերային բեմադրություններ…»: Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ եթե գա մի ժամանակ, որ ինչ-ինչ պատճառներով պաշտոնազրկվի, դա իր համար ողբերգությո՞ւն կլինի: Մաեստրոն պատասխանեց. «Մոտ 20 տարի Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժորն եմ: Կարծում եմ, որ այդ պաշտոնի համար սա երկար ժամանակ է: Բայց ոչ մի բան հավերժական չէ: Միանշանակ, ողբերգություն չեմ ապրի, ավելին՝ ողբերգություն չեմ ապրի, եթե նույնիսկ իբրեւ դիրիժոր էլ հանդես չգամ: Ինձ հիմա ավելի շատ է ձգում մանկավարժությունը, բազմաթիվ հրավերներ ունեմ վարպետության դասերի, որոնց սիրով եմ արձագանքում»: Ինչ վերաբերում է «օպերային» գործունեությանը, Լիոր Շամբադալն ասաց. «1993-2000թթ. հանդիսացել եմ նաեւ Գերմանիայի Կայզերսլաուտերնի երաժշտական ղեկավարը, վարել եմ շուրջ 600 ներկայացում: Իրականացրել եմ Գլինկայի «Կյանքը ցարի համար», Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ եւ Սալիերի» օպերաների բեմականացումները, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի տարբեր օպերային թատրոններում հանդիսացել եմ ավելի քան 40 օպերաների բեմադրող դիրիժորը: Ի դեպ, Երեւանի օպերային թատրոնից եւ կոնսերվատորիայից հրավերի դեպքում էլ պատրաստ եմ օգտակար լինել…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/02/25/660641/

© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Ֆիլհարմոնիկն ու Մկրտիչ Արզումանյանը ներկայացան «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգով»

January 15th, 2016
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանը հրավիրել էին «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգի»: Ֆիլhարմոնիկի համերգն առանձնացնում ենք այն պատճառով, քանի որ վերջ դրեց այն «ավանդույթին», երբ դասական երաժշտության սիրահարներն անհամբեր սպասում էին հունվարի 1-ին Վիեննայից հեռարձակվող Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնին նվիրված՝ տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի շքեղ համերգին: Իմիջիայլոց, հայաստանյան իրականությունում առաջին անգամ Լորիս Ճգնավորյանը սկիզբ դրեց ամանորյա եւ սուրբծննդյան երեկոներին՝ հնչեցնելով համաշխարհային սիմֆոնիկ եւ օպերային գրականությունից ընտիր՝ հանրամատչելի ստեղծագործություններ: Հենց ինքն էլ Ձմեռ պապի կերպարով ղեկավարում էր համերգները: Հետագայում ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը 2000-ականների սկզբից շարունակեց այդ ավանդույթը: Նրա ղեկավարությամբ եւս Ամանորի շեմին հրամցվում էր դարձյալ դասական հանրամատչելի երաժշտություն, օրինակ՝ մեկ անգամ նույնիսկ նվագախմբի եւ էկրանային անիմացիայի համադրմամբ ունկնդրեցինք այս օրերին ողջ Արեւմուտքը ողողած Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունը: «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգի» ծրագիրն էլ էր հատընտիր՝ հատվածներ Բերնսթայնի «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից մինչեւ Ռոսինիի հայտնի «Կատուների զուգերգը», Շտրաուսի «Չղջիկը» օպերայի նախերգանքը … Վերջում հնչեց ABBA-ի երգացանկից «Happy New year»-ը՝ բոլոր ժամանակների հիթը, համերգի բոլոր մասնակիցների մեկնաբանմամբ, որոնց միացավ նաեւ հանդիսատեսը: Բեմում էին ճանաչված երգիչներ Իրինա Զաքյանը, Նարինե Անանիկյանը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախումբը, ողջ երեկո դիրիժորական վահանակի մոտ էին Էդուարդ Թոփչյանը եւ Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա): Համերգի սցենարը եւ ռեժիսուրան Արամ Սուքիասյանինն էր: Անկասկած, տեղին էր ճանաչված ու սիրված դերասան, որը բացառապես հայտնի է իր հումորային կատարումներով, Մկրտիչ Արզումանյանի ընտրությունը: Նա նաեւ «հանդգնեց» սոպրանո Իրինա Զաքյանի հետ ներկայացնել «Մարիայի եւ Թոնիի դուետը» «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից: Վերոհիշյալ երգիչների կատարումներին չենք անդրադառնում մեկ պատճառով՝ նրանք հայտնի դեմքեր են ոչ միայն մեզանում, այլ նաեւ ցանկալի հյուր՝ արտասահմանյան բեմերում: Երեկոն, որ վերնագրված էր «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգ», շնորհիվ ընտրված երաժշտական նյութի եւ Մկրտիչ Արզումանյանի հումորային կատարումների, առաջին րոպեից մինչեւ երեկոյի ավարտը հանդիսատեսին դրական հույզեր պարգեւեց:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer

Երաժշտական քննադատը՝ Թոփչյանի «դիսիդենտական» մեկնաբանման մասին

June 9th, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս վերադարձավ ԱՄՆ կատարած հյուրախաղերից: Վաշինգտոնյան եւ լոսանջելեսյան համերգներում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացել է տարբեր երկացանկերով: Մեր ֆիլհարմոնիկի՝ Walt Disney Concert Hall-ում կայացած համերգին արձագանքել է «Լոս Անջելես Թայմս» պարբերականը: Երաժշտական քննադատ Մարք Սուեդի՝ այնտեղ տպագրված հոդվածը ուղղված է ոչ միայն մասնագետներին, այլեւ լայն լսարանին: Մարք Սուեդը «Հիշատակի տպավորիչ երեկո, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգ-նվիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ» վերտառությամբ հոդվածը սկսում է այսկերպ. «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ավելի քան մեկ միլիոն հայերի ցեղասպանության հարցը, որի միջազգային ճանաչման համար պայքարում են հայերը, միշտ եղել է պատմաբանների եւ քաղաքացիների քննարկման նյութ: Թուրքիայից հայերի բռնագաղթման 100-րդ տարելիցը արտացոլում է գտել նաեւ արվեստում»: Երաժշտական քննադատը տեղեկացնում է, որ Հայաստանից ժամանած նվագախումբը հիմնադրվել է 90 տարի առաջ՝ խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո եւ ձեռք է բերել բարձր պրոֆեսիոնալ կոլեկտիվի համբավ՝ պահպանելով իր վառ ազգային դեմքը: Մասնագետը նշում է, որ այդ տարիներին նվագախմբի ղեկավարներն ու գլխավոր դիրիժորները միշտ եղել են ազգությամբ հայեր, բացառությամբ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի: «Լոս Անջելես Թայմսում» ասվում է, որ երեկոյի ընթացքում հնչել են Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան, հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Տիգրան Մանսուրյանի Ջութակի եւ լարայինների համար կոնցերտը եւ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը: Երաժշտական քննադատը մասնագիտորեն անդրադարձել է նշյալ ստեղծագործություններին: Օրինակ, Շոստակովիչի սիմֆոնիայի մեկնաբանման առիթով կարդում ենք. «Մինչեւ հիմա շարունակվում են բանավեճերը կոմպոզիտորի՝ 1937թ. գրված սիմֆոնիայի գաղափարական բովանդակության մասին: Արդյոք դա Ստալինի քաղաքական թելադրանքի յուրատեսակ ընդառաջո՞ւմն էր, թե՞ հեղինակի գաղտնի դիսիդենտական ենթատեքստի առկայությունը: Թոփչյանի մեկնաբանությունը ենթադրում էր վերջինը»: Հոդվածի հեղինակի խոսքերով՝ կատարումն ուներ հաճելի պահեր, լարայինների նվագում զգացվում էր Ռուսաստանի շունչը, իսկ պղնձյա փողայինների հնչողությունը գերհագեցած էր, ինչը զգացվեց հատկապես բարձրակետերում: Ֆինալի հաղթական քայլերգը հիշեցրեց մարդկանց չխնայող տանկերի գրոհը… Ընդարձակ է Տիգրան Մանսուրյանի կոնցերտի մասին մասնագետի խոսքը. «Երեւանում ու Գլենդելում ապրող եւ ստեղծագործող կոմպոզիտորը ճանաչված է որպես ազգային հեղինակ, որը միաժամանակ միջազգային հանրությանն է ներկայացնում հայկական ոգին: Մանսուրյանի կոնցերտը ուղղված է մարդու ներաշխարհին, երաժշտության մեջ էլ լսելի են եղեռներգի արձագանքները: Ստեղծագործության տեմպը մշտապես դանդաղ է: Շուրջ 30 րոպեների ընթացքում դինամիկան անփոփոխ մեղմ է, ընդմիջվում է միայն ընդվզում արտահայտող ու պոռթկումով ցնցող դրվագներով: Նվագախումբը ցուցաբերեց ներդաշնակություն: Անխոս, ստեղծագործությունը հիանալի ներկայացրեց երիտասարդ ջութակահար Անուշ Նիկողոսյանը»: Մարք Սուեդի ձեւակերպմամբ՝ պատկերավոր էր խաչատրյանական «Սպարտակ» բալետից ընտրանու մեկնաբանությունը. «Հուզական էր Adagio-ն, իսկ «Սպարտակի» հաղթական երաժշտությունը՝ համոզիչ ու առինքնող»: Հոդվածագիրը երկու, բայց տպավորիչ խոսքով էլ անդրադարձել է Միրզոյանի «Շուշանիկին». «Այս քնարական պատկերը նվիրված էր կյանքից հեռացած հայտնի կոմպոզիտորի հիշատակին, որի 94-ամյակը լրացավ հենց համերգի օրը (համերգը կայացել է մայիսի 13-ին)»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (2 votes cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: +1 (from 1 vote)

spacer

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիշատակի համերգներ է ունեցել

April 22nd, 2015
by
under Հայերեն հոդվածներ.
No Comments.

Սկանդինավյան երկրներ կատարած «Հիշում եմ, պահանջում եմ…» խորագրով համերգային շրջագայությունից օրերս հայրենիք վերադարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան): «Առավոտի» հետ զրույցում նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ ապրիլի 11-14-ը Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման երեկոներով հանդես են եկել Ֆինլանդիայում, Դանիայում եւ Նորվեգիայում: Մեր զրուցակիցը նշեց, որ ելույթ են ունեցել հիշյալ երկրների հեղինակավոր սրահներում՝ Տամպերեի Congress and Concert Centre-ում, Կոպենհագենի DR սրահում, Օլբորգի Musik Kens Hus-ում եւ Օսլոյի թագավորական Dom Kirke տաճարում: «Հնչեցրինք համաշխարհային դասական երաժշտության գանձարանից ընտիր նմուշներ՝ Արամ Խաչատրյանից մինչեւ Բեթհովեն, Գրիգ, Չայկովսկի, Շիմանովսկի: Մեզ միացան հանրահայտ ջութակահարներ՝ գերմանացի Իզաբել Ֆաուստը, նորվեգացի Հեննինգ Բրագերուդը, ինչպես նաեւ Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները՝ դաշնակահար Մարիաննա Շիրինյանը (Դանիա) եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը»,- մանրամասնեց տնօրենը: Տիկին Սիրունյանի խոսքերով՝ համերգների նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Դանիայում եւ Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Նշեց, որ համերգային այս շրջագայությունը կայացել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ստեղծված հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց արտերկրյա հեղինակավոր պարբերականների արձագանքը համերգներին, այդ թվում՝ ֆիննական Helsingin Sanomat, դանիական Hasse Ferold, Hasserisavis, նորվեգական Heyevent եւ այլն: Տիկին Սիրունյանն ասաց, որ հազարավոր երաժշտասերներ են ներկա եղել համերգներին. Օսլոյի թագավորական տաճարում՝ 800-ից մինչեւ ամենամեծ՝ Տամպերեյի կոնգրեսի պալատում՝ շուրջ 2000 մարդ: «Համերգների ավարտին մեզ էին մոտենում ոչ միայն այլ երկրներում հայաստանյան դեսպանատան աշխատակիցներ, պաշտոնյաներ, այլեւ հյուրեր այլ երկրներից: Սկսվում էր յուրօրինակ երկխոսություն ցեղասպանության շուրջ: Հետաքրքիր էր, որ առաջին անգամ զգացինք, որ լեզվական արգելքը չէր խանգարում. նրանց աչքերից էր երեւում այն մեծ ցավը, որ կիսում են մեզ հետ, մանավանդ՝ Տամպերեյում կայացած համերգից հետո, երբ հանդիսատեսը հրավիրվեց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսին, ուր ներկայացված էին փաստավավերագրական նյութեր, չնկատեցի գոնե մեկին, որ անտարբեր անցներ լուսանկարների կողքով: Ավելին, շատերը նույնիսկ արտասվում էին…»,- ասաց Ռուզան Սիրունյանը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը հավելեց նաեւ, որ մայիսի 12-14-ն էլ Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով կհյուրընկալվեն ԱՄՆ եւ Մեքսիկա: Նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա դարձյալ հայտնի սրահներում՝ Լոս Անջելեսի Walt Disney-ում եւ Մեխիկոյի Sala Nezahualcoyotl-ում: Հետաքրքրվեցինք, թե այս շրջագայության ժամանակ հայազգի երաժիշտներից ովքե՞ր կմիանան իրենց: Տիկին Սիրունյանը հնչեցրեց ճանաչված երգչուհիներ Հասմիկ Պապյանի, Իզաբել Բայրաքդարյանի, ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի, ալտահար Իդա Կավաֆյանի անունները, ասաց նաեւ, որ նախատեսված է ֆիլհարմոնիկի մեկ համերգին Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախմբի մասնակցությունը: Հայտնեց, որ «Հիշում եմ եւ պահանջում…» խորագրով ֆիլհարմոնիկի արտերկրյա համերգները կշարունակվեն աշնանը՝ Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի քաղաքներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 21.03.2015

 

VN:F [1.9.20_1166]
Rating: 5.0/5 (1 vote cast)
VN:F [1.9.20_1166]
Rating: 0 (from 0 votes)

spacer